01:54  ,  28 փետրվարի, 2020

ԵԼ. «Ինտերն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկան հաջորդ փուլ (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումներում հայտնի դարձան մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգրեր ձեռք բերած հերթական թիմերը:

Միլանի «Ինտերը» տանը մրցեց բուլղարական «Լուդոգորեցի» հետ: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով (ընդհանուր՝ 4:1) և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Իտալական թիմի կազմից գոլերի հեղինակ դարձան իտալացի պաշտպան Կրիստիանո Բիրագին և բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:

«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելիս 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ բելգիական «Բրյուգեի» նկատմամբ և, ընդհանուր դիմակայությունում հաղթելով 6:1 հաշվով, դուրս եկավ հաջորդ փուլ: Անգլիական ակումբի կազմում իր առաջին գոլը խփեց նիգերիացի հարձակվող Օդիոն Իգալոն: Աչքի ընկան նաև պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը, իսկ բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը դուբլ ձևակերպեց:

Անակնկալ գրանցվեց հոլանդական «Այաքսի» և իսպանական «Խետաֆեի» դիմակայությունում: «Այաքսը» պատասխան խաղում 2:1 հաշվով հաղթանակ տարավ, սակայն ընդհանուր դիմակայությունում պարտվեց 2:3 հաշվով և դուրս մնաց պայքարից:

Լոնդոնի «Արսենալն» ու հունական «Օլիմպիակոսը» դիմակայության հաղթողին կորոշեն լրացուցիչ ժամանակում:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ

«Արսենալ» (Անգլիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան) ՝ 0:1 (ընթանում է լրացուցիչ ժամանակ)

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Կլուժ» (Ռումինիա)՝ 0:0 (ընդհանուր դիմակայություն՝ 1։1)

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 5:0 (ընդհանուր դիմակայություն՝ 6։1) (տեսանյութ)

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 1:3 (ընդհանուր դիմակայություն՝ 2։4)

«Այաքս» (Հոլանդիա) - «Խետաֆե» (Իսպանիա)՝ 2:1 (ընդհանուր դիմակայություն՝ 2։3)

«Ինտեր» (Իտալիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 2:1 (ընդհանուր դիմակայություն՝ 4։1) (տեսանյութ)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)՝ 3:3 (ընդհանուր դիմակայություն՝ 4։5)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում