15:39  ,  26 փետրվարի, 2020

Լեւոն Ջուլֆալակյան․ Ես վախ ունեմ եւ թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկն իմ տղային թունավորի

Ես թույլ չեմ տա, որ իմ տղային  թունավորեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանն՝ անդրադառնալով որդու՝ Արսեն Ջոլֆալակյանի հավաքականի հետ չմարզվելու պատճառաբանությանը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, մարզիչներ Գեւորգ Ալեքսանյանն ու Սամբել Գեւորգյանը 77 կգ քաշային կարգում օլիմպիական ուղեգիրը վստահել են Կարապետ Չալյանին, որն էլ 2019թ․ աշխարհի առաջնությունում նվաճել էր այդ ուղեգիրը եւ սկսել է պատրաստվել Խաղերին։

Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանն եւ Արսեն Ջուլֆալակյանը մարզիչների որոշումը համարում են ապօրինի:

Նշենք, որ Լեւոն Ջուլֆալակյանի հրաժարականից հետո Արսեն Ջուլֆալակյանը չի մարզվում հավաքականի հետ:

«Մենք միշտ ասել ենք, որ մարզիկը պետք է մարզվի հավաքականի հետ, մեկնի մրցաշարերի եւ այլն, միայն այդ դեպքում է մարզիկը թիմի լիարժեք անդամ: Այժմ ես չեմ մարզվում հավաքականիի հետ եւ զարմանում եմ, թե ինչու է Գեւորգ Ալեքսանյանը զարմանում այդ հարցի վերաբերյալ, որովհետեւ ինքը շատ լավ գիտի, թե ինչու:

Բազմիցս ասել եմ եւ հայտարարել, որ պատրաստ եմ մարզվել թիմի հետ, քանի որ այնեղ մեծամասնությունն իմ ընկերներն են: Հաշվի առնելով այն պրոցեսները, ինչ-որ տեղի է ունեցել նախորդ տարի հավաքականում, իմ հարաբերությունները որոշ մարզիկների հետ անհամատեղելի է հավաքականում իմ մարզումների հետ: Խոսքը 3-4 մարզիկի մասին է: Կոչս է եւ հորդորս հավաքականի մյուս մարզիկներին չմասնակցել այդ մի քանի մարզիկների արկածախնդրությանը:

Այդ 3-4 հոգու հետ իմ ֆիզիկական ներկայություն մի տեղում անհամատեղելի է: Վտանգ եմ տեսնում վնասվածքի, սննդի, վիտամինների անվտանգության եւ ուղղակի հոգեբանական վիճակի: Այս պարագայում ուղղակի գնալ եւ ֆիզիկապես ներկա լինել հավաքներին կվնասի ինձ, հետո նաեւ երկրի սպորտային հաջողությանը:

Այս պատճառով ստիպված եմ բացակայում հավաքներից: Այս իրավիճակում ավելի անբարենպաստ ե անհավասար պայմաններ է ստեղծվել ինձ համար, քանի որ մարզումային պրոցեսները ես կազմակերպում եմ ամենն իմ հաշվին, սննդի, բժշկի հարցերը ես եմ ինձ համար հոգում, ունեմ սփարինգ-պարտնյորի խնդիր: Եթե լինեի հավաքականում, այդ խնդիրները չէի ունենա, բայց չեմ ընկճվում: Այս պարգայում էլ պատրաստ եմ հաղթել»,- ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

Լեւոն Ջուլֆալակյանն էլ հավելեց․

«Ես հրաժարականիս ժամանակ ասել եմ, այս թիմն իր հաջողություններով պետք է մեկ տարի ամենաքիչը պահեն: Հակառակ դեպքում մարզիչներն աշխատելաձեւ չգիտեն: Չեմ ցանկանում մեր խոհանոցից դուրս գալ: Կան անշնորհակալ մարզիկներ, իրենք ժամանակին կհասկանան, որ սխալ են եղել:

Ես նույնպես միշտ ասել եմ, որ մարզիկները պետք է մարզվեն հավաքականում: Բայց այս պարագայում ես վախ ունեմ եւ թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկն իմ տղային թունավորի: Ես այդ վախն ունեմ»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:

«Աշխարհում այդպիսի դեպքեր շատ են եղել, մարզիկներին են թունավորել, հանկարծ իմացել են ոոր արգելված խթանիչներ են օգտագործում: Սա թող հավաքականն իր վրա չվերցնի: Ես հավաքականի դեպ ոչինչ չեմ ասում: Սա կարող է հավաքականից ընդամենը մեկն անել, մեկ մարզիկ»,- նկատեց Արսեն Ջուլֆալակյանը:

«Ինձ համար ծիծաղելի, որ Եվրոպայի առաջնությունից առաջ Օլիմպիական խաղերի կազմ են հայտարարում: Ոչ մի երկրում Օլիմպիական խաղերից 6 ամիս առաջ կազմ չեմ որոշում: հՊահանջում ենք արդար ընտրություն: Պայքարելու ենք մինչեւ օգոստոսի 1-ը: Երբեք չենք հանձնվելու, դա հաստատ իմացեք: Եթե այս պայքարը երկար է շարունակվելու, ցավալի է լինելու: Խանգարելու է մարզիկներին, Արսենին էլ, Կարապետին էլ: Եթե այսօր մեր ղեկավար մարմինները ձեռքերը լվացին, շատ վատ բան է լինելու: Սա երկրի հարց է, այլ ոչ թե երեք մարզիչի որոշելու հարցը»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Արսեն Ջուլֆալակյանի կարծիքով՝ որոշումը փոխելուն եւ մրցաշար նշանակելուն դեմ են մարզիչները:

«Ես ունեմ տեղեկություն, որ իմ քաշի մարզիկը (Կարապետ Չալյանի մասին է,- Լ.Շ.), դեմ չէ ինձ հետ գոտեմարտելու, միջազգգային մրցաշարը լինի: Այլ դեմ է մարզչական խորհուրդը, այդ երեք մարզիչներից կոնկրետ մեկը»,- նշեց Արսեն Ջուլֆալակյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում