14:48  ,  26 փետրվարի, 2020

Արսեն Ջուլֆալակյան․ Ես պայքարելու եմ մինչեւ վերջ

Իմ նպատակը Օլիմպիական խաղեր մեկնելը չէ, այլ օլիմպիական մեդալ նվաճելն է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Լոնդոն-2012-ի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։

Հայաստանի ըմբշամարտի մարզչական խորհուրդը 77 կգ քաշային կարգում օլիմպիական ուղեգիրը վստահել է Կարապետ Չալյանին, որն էլ 2019թ․ աշխարհի առաջնությունում նվաճել էր այդ ուղեգիրը եւ սկսել է պատրաստվել Խաղերին։

Ասուլիսին մասնակցում էր նաեւ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը։

«Այն ինչ կատարվում է հավաքականում եւ այսպես կոչված մարզչական խորհրդում, ապօրինություններ են, անարրդարություն: Դիմում եմ այս հարցի շահագրգիռ մարդկանց՝ նախարարության, ՀԱՕԿ-ին, ֆեդերացիայի ղեկավարությանը, երկրի պատկան մարմիններին, որ ճիշտ որոշում կայացնեն եւ հարցին վերջնական լուծում տան:

Եղել է նախնական պայմավորվածություն եւ այն խախտվել է: Ամբողջ պայմանավորվածությունները սկսվել են սեպտեմբերին՝ ՀԱՕԿ նախագահի, Ֆեդերացիայի նախագահի, մեր եւ մյուս կողմի միջեւ: Որոշում է կայացվել, որ Օլիմպիական խաղերի մասնակցի հարցը որոշվելու է գարնանը միջազգային մրցաշարերից մեկում: Առարկություններ չեն եղել, ձեռք ձեռքի ենք տվել եւ դուրս եկել:

Այդ հանդիպումից հետո մենք նախաձեռնեցինք եւս մեկ հանդիպում ՀԱՕԿ նախագահի եւ ֆեդերացիայի նախագահի հետ որպեսզի հասկանանք՝ կոնկետ որ մրցաշարն է լինելու որոշիչը: Հաշվի առնելով Լեւոն Ջուլֆալակյանի 20 տարվա փորձին, մեզ առաջարկվեց ինքներս ընտրել մրցաշարը: Դեկտեմբերի 25-ին մենք տեղեկացանք, որ որոշում է փոխվել եւ մարզչական խորհուրդը ընտրել է Նիցայի մրցաշարը որպես որոշիչ: Այդ ժամանակ ես ԱՄՆ-ում էի՝ իմ սեփական միջոցներով մեկնել էի մարզումների:

Լեւոն Ջուլֆալակյանի հետ խոսեցինք եւ որոշեցինք, որ մենք դեմք ենք մարզչական խորհրդի այդ որոշմանը, քանի որ եղել է նախնական որոշում գարնան: Այժմ մարզչական խորհուրդը ինքնուրույն որոշում է փոխել հունվարին: Սա մարզիչների կողմից ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: Ես այդ օրերին մասնակցեցի Դանիայի մրցաշարին:

Հարց է առաջանում՝ եթե կարող էի մասնակել Դանիայի մրցաշարին, ինչու չմեկնեի Նիցա: Դանիայի մրցաշարը իմ նախապարաստական փուլի մի մասն է եղել: Ես հրաժարվեցի Նիցայից, արդյունքում օրերս ֆեդերացիան հայտարարեց, որ մարզիչների որոշմամբ Օլիմպիական խաղեր է մեկնում Կարապետ Չալյանը: Սա անօրինական որոշում է, լի խախտումներով: Ես չեմ կարող այսպես նստել ու ամեն անգամ ինչ-որ մեկին բացատրել, որ անարդարություն է տեղի ունենում: Մեր խնդիրն այն է, որ չենք ասում՝ ով է ուժեղ: Ասում ենք, թույլ տվեք հնարավորություն՝ որոշելու, թե ով է ուժեղ: Խոստացված վարկանիշային մրցաշարը նշանակենք, մեկնենք, մասնակցենք, ով հաղթում է, նա էլ մեկնի մրցաշարի:

Ես պայքարելու եմ մինչեւ վերջ, եթե որոշում չփոխվի ու մրցաշար չնշանակվի: Հիմա չեմ ներկայացնի, թե ինչ քայլերի եմ գնալու, բայց ամեն ինչ անելու եմ, որ արդար ընտրություն կայացվի: Իմ նպատակը չի մեկնել Օլիմպիական խաղեր, իմ նպատակն է նվաճել օլիմպիական մեդալ»,- ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս