11:42  ,  26 փետրվարի, 2020

Սարգիս Ադամյան․ Ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չեմ կարողանա խաղալ

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը չի բացառել, որ ընթացիկ մրցաշրջանն իր համար արդեն ավարտված է։ Այդ մասին նա ասել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում։ Սարգիս Ադամյանը վիրահատվել էր փետրվարի 25-ին։

«Վնասվածքը ստացել էի խաղերից մեկի ընթացքում: Հետազոտությունը ցույց տվեց, որ անհապաղ վիրահատության կարիք կա, քանի որ աջ կոճիս վրա կրկնակի պատռվածք կար: Վիրահատությունը լավ անցավ:

Դեռ չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար, բայց, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չեմ կարողանա խաղալ: Շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին` այս դժվար պահին իմ կողքին լինելու և ինձ քաջալերելու համար»,- ասել է Սարգիս Ադամյանը:

Սարգիս Ադամյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի» լավագույն խաղացողը հունվարի հանդիպումների արդյունքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում