17:10  ,  25 փետրվարի, 2020

Կրոս. Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Մյունխենի «Բավարիայից» հեռանալու պատճառների և գերմանական թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ ունեցած հարաբերությունների մասին:

«Եթե Գվարդիոլան չհեռանար «Բավարիայից», հնարավոր է՝ ես էլ մնայի ակումբում: Ինձ 5 տարվա պայմանագիր էին առաջարկել, սակայն ես որոշեցի մերժել առաջարկը, քանի որ Գվարդիոլան արդեն մտածում էր թիմից հեռանալու մասին:

Կցանկանայի կրկին աշխատել Գվարդիոլայի հետ, սակայն ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալում», ինչը նշանակում է, որ նրա հետ աշխատանքը քիչ հավանական է: Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք հրաշալի հարաբերություններ պահպանել»,- Կրոսի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Տոնի Կրոսը «Բավարիայում» հանդես է եկել 2007-2014 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում