12:10  ,  25 փետրվարի, 2020

Սետիեն․ Առանձնահատուկ մոտիվացված եմ, քանի որ առաջին հանդիպումս է ՉԼ-ում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը պատմել է, որ առանձնահատուկ մոտիվացիա է զգում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ, քանի որ նորամուտն է նշելու այս մրցաշարում։ Կատալոնական ակումբը կհյուրընկալվի իտալական «Նապոլիին»։

«Մի քանի ծանր հանդիպումներ ենք անցկացրել Լա Լիգայում, բայց լուծել ենք մեր խնդիրները։ Դրական տրամադրվածություն ունենք, արդյունքների դինամիկան հուսադրող է։

Գիտեմ, թե ինչ կարող է ցույց տալ «Նապոլին»։ Նրանք գերազանց տեսք ունեին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Վստահ եմ, որ հզոր մրցակից է մեզ դիմակայելու։

Առանձնահատուկ մոտիվացված եմ, քանի որ սա իմ առաջին հանդիպումն է Չեմպիոնների լիգայում։ Շատ հետաքրքիր է փլեյ-օֆֆը սկսել այսպիսի հարուստ պատմությամբ եւ կրքոտ երկրպագուներով ստադիոնում։

Հույս ունեմ, որ առաջիկա հանդիպումը կմտնի պատմության մեջ, քանի որ մենք կցուցադրենք լավ ֆուտբոլ եւ կդրսեւորենք բնավորություն»,- Սետիենի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Նապոլի» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում