09:11  ,  25 փետրվարի, 2020

Դավիթ Յուրչենկո․ Կաշխատեմ արդարացնել բոլորի հույսերը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հրավերն ընդունած դարպասապահ Դավիթ Յուրչենկոն ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է որոշումը։

«Չափազանց ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի ազգային հավաքականում: Կարծում եմ՝ հավաքականում խաղալը ցանկացած մարզիկի կարիերայի գագաթնակետն է, մանկական երազանքի իրականացում: Դա նոր հորիզոն է, որը հնարավորություն է տալիս հասնել այնպիսի բարձունքների, որոնց անհնար է հասնել ակումբային մակարդակում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նոր ղեկավարությանը, մասնավորապես, նախագահին և փոխնախագահին՝ ինձ հանդիպելու, ճիշտ բառեր գտնելու, մոտիվացնելու համար: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, որոնք ինձ գրում և քաջալերում էին, հարցնում՝ երբ եմ պատրաստվում միանալ Հայաստանի ազգային հավաքականին:

Ես դարձել եմ շատ ջերմ ընտանիքի մի մասնիկը և գիտակցում եմ ամբողջ պատասխանատվությունը: Մարդիկ վստահել են ինձ, և ես կաշխատեմ արդարացնել բոլորի հույսերը», - ասել է Յուրչենկոն: 

Կարագանդայի «Շախտյորի» խաղացողը մարտին կմիանա Հայաստանի հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում