10:22  ,  23 փետրվարի, 2020

Սետիեն․ Մեսին այսպես է խաղում 14-15 տարի, նա լավագույնն է աշխարհում

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենն ամփոփել է «Էյբարի» հետ հանդիպումը Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում։ Կատալոնական թիմը հաղթել էր 5։0 հաշվով, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձել էր չորս գոլի հեղինակ։

«Ամեն ինչ ստացվեց այս խաղում։ Նախորդ հանդիպումներում չէր ստացվում իրացնել բոլոր պահերը, թեեւ ամեն ինչ ճիշտ էինք անում։

Մեսին չորս գոլ խփեց, նա այսպես է խաղում 14-15 տարի եւ կշարունակի նույն ոգով։ Նրա ներկայությունը զգալի առավելություն է տալիս։ Եթե գոլ էլ չի խփում, կատարում է գոլային փոխանցում։ Այս պատճառով է նա լավագույնն աշխարհում։ Մեսին անում է այն, ինչ մյուսները չեն կարող։  

Բրեյթուայթը շատ լավ խաղաց։ Կարծում եմ՝ հրաշալի տրանսֆեր է մեր թիմի համար։

Թիմը լավ հոգեբանական վիճակում է, խաղացողները հոգնածություն չունեն»,- Սետիենի խոսքը մեջբերում է AS-ը։

Մեսին պոկերների քանակով «Բարսելոնայի» ռեկորդակիրն է։ Նա Իսպանիայի առաջնություններում ձեւակերպեց 5-րդ պոկերը եւ այդ ցուցանիշով գերազանցեց ակումբի նախկին հարձակվող Սեսար Ռոդրիգեսին (4 պոկեր)։

Լա Լիգայի պատմության մեջ պոկերների քանակով Մեսիին գերազանցում են «Աթլետիկի» նախկին հարձակվող Տելմո Սարան (8) եւ «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (7)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս