15:44  ,  21 փետրվարի, 2020

Սիմոն Մարտիրոսյան․ Կարծում եմ՝ մինչեւ Տոկիոյի Խաղերը կգա Ռիոյի ոսկե մեդալը

Ուրախ ենք, որ պետությունն իր դիրքորոշումն ասաց եւ կանգնած է սպորտի կողքին: Հուսով ենք, որ այդպես շարունակվելու է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում նախագահական նստավայրում պարգեւատրվելուց հետո ասաց ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

«Շատ ուրախ ենք, որ մեր պետությունը կանգնած է սպորտի կողքին: Պարտավորեցնող է, որ էլ ավելի շատ հաղթանակներ ունենանք եւ լավագույնս ներկայացնենք մեր երկիրը:

2020 թվականին իմ առջեւ նպատակ եմ դրել դառնալ Եվրոպայի եռակի չեմպիոն, ապա գնալ օլիմպիական ոսկու հետեւից: Շատ մարտական եմ տրամադրված, հուսանք ամեն ինչ լավ կստացվի:

Պարգեւատրման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվում էր Ռիո-2016-ի օլիմպիական ոսկե մեդալի մասին: Հարցնում էր, թե երբ է գալու Հայաստան: Ես էլ պատասխանեցի, որ գործընթացը դատական պրոցեսի մեջ է: Կարծում եմ՝ մինչեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կգա»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճած, ուզբեկ Ռուսլան Նուրուդինովի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել, եւ նա կզրկվի ոսկե մեդալից։ 

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտնել էր, որ Նուրուդինովի որակազրկման եւ Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնության մասին նամակ է ստացել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահից։ Պաշտոնական հայտարարություն կլինի առաջիկայում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում