15:11  ,  21 փետրվարի, 2020

Արթուր Ալեքսանյան․ Մարզիկների համար մեծ մոտիվացիա է, երբ զգում ես երկրիդ ուշադրությունը

Վարչապետի հայտարարած 25 օլիմպիական ոսկե մեդալներից մի քանիսը եթե իմը լինի, շատ լավ կլինի: Ամեն ինչ կանեմ՝ երկրորդ ոսկին նվաճելու համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

«Մարզիկների համար մեծ մոտիվացիա է, երբ զգում ես երկրիդ ուշադրությունը: Հաճելի է եւ պարտավորեցնող: Կփորձենք ավելի մեծ հաջողություններ գրանցել եւ մեր ազգին ուրախացնել:

Չեմ կարող ասել, թե կհաջողվի մեզ 2050 թվականին ունենալ 25 օլիմպիական չեմպիոն, բայց հաստատ երկուսը չենք ունենա: Մեզ ոչինչ չի պակասում այդ արդյունքին հասնելու համար: Զգում ենք պետության ուշադրություն մեր եւ մեր կատարած աշխատանքի հանդեպ:

Այժմ իմ նպատակն ու ցանկությունը Տոկիո-2020-ում կրկնակի օլիմպիական չեմպիոն հռչակվելն է: Ոչինչ չեմ խոստանում, կփորձեմ ամեն ինչ անել, որ նպատակիս հասնեմ: Մոտիվացվում եմ իմ ժողովրդով, բոլոր այն մարդկանցով՝ ծանոթ, անծանոթ, որոնք դրսում հանդիպում, շնորհավորում եւ լավ խոսքեր են ասում»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

Անդրադառնալով 77 կգ քաշային կարգում օլիմպիական մասնակցի շուրջ ստեղծված իրավիճակին, օլիմպիական չեմպիոնն ասաց, որ չի միջամտում մարզիչների որոշմանը:

«77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանին Տոկիոյում հանդես գալու իրավունք տալու որոշումը մարզիչներինն է եւ մարզչական խորհրդինը: Ես մարզիչների որոշումները չեմ քննարկում, այլ կատարում եմ: Թե ով, ինչ գրառում է կատարել, ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց Արթուր Ալեքսանյանը:

Փետրվարի 21-ի նախագահական նստավայրում Արթուր Ալեքսանյանը 2019 թվականի լավագույն մարզիկների հետ պարգեւատրվեց: Լավագույն 10-ը մարզիկներին պարգեւատրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում