16:42  ,  20 փետրվարի, 2020

Հաբեթնակ Կուրղինյան․ Մասնակցությունը ԵԱ-ին գոհացնող է, թեեւ ունեցանք մեկ մեդալ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը եւ մարզիչ Էդգար Ենոքյանն ամփոփել են Հռոմում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմից մեդալ է նվաճել միայն 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը՝ բրոնզե մեդալ:

«Թիմի մասնակցությունը գոհացնող է, չնայած նրան, որ ունեցանք մեկ մեդալ: Բրոնզե մեդալ նվաճեց գործող Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակում հանդես եկող Արսեն Հարությունյանը: Մյուս քաշային կարգերում ունեցանք մեդալային պայքար կիսաեզրափակիչների մի քանի մասնակից եւ բրոնզե մեդալի համար 3 պայքար, բայց տղաները պարտվեցին: Ընդհանուր առմամբ թիմը լավ հանդես եկավ:

Արսեն Հարությունյանը տատկիկական սխալի պատճառով պարտվեց կիսաեզրափակիչում, բայց նա շատ լավ գոտեմարտեր անցկացրեց: Բրոնզե մեդալի համար պայքարում էլ 10:0 հաշվով ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: Արսենն իրեն շատ լավ էր զգում գորգում, հոգեբանորեն պատրաստ էր դուրս գալիս մրցագորգ: Արսեն Հարությունյանը եւ թիմի մյուս անդամները կպատրաստվեն առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Արսեն Հարությունյանը քաշը կիջեցնի 57 կգ»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Էդգար Ենոքյանի խոսքով, թիմում հոգեբանություն է փոխվել, ըմբիշները սկսել են հավատալ իրենց ուժերին:

«Այս Եվրոպայի առաջնությունում թիմում յուրաքանչյուրի մոտ կար հաղթողի ոգի: Վերջապես տղաները սկսեցին հավատալ իրենք իրենց, հավատալ, որ թույլ չեն եւ կարող են նաեւ լինել մեդալային պայքարում, ուժեղ են: 10 մասնակցով էինք մեկնել առաջնությանը, բոլորն էլ լավ մասնակցեցին իրենց հնարավորությունների չափով: Կարող էինք ավելի շատ մեդալներով վերադառնալ: Հետագայում արդեն մեդալների քանակն էլ կավելանա: Խնդիր ունենք երկրորդ մրցափուլում վերջում պարտվելու հետ կապված: Պետք է աշխատենք դրա վրա, որպեսզի դիմադրողականությունն ավելանա եւ վերջին վայրկյաններին չպարտվեն»,- նշեց Էդգար Ենոքյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում