16:04  ,  20 փետրվարի, 2020

Տոկիո-2020․ Կարապետ Չալյանի մասնակցության մասին որոշման նախապատմությունը

Այս մարզչական կազմի համար «լյուբիմչիկներ» չկան: Մարզչական խորհուրդն է որոշել, թե ով է 77 կգ քաշային կարգում պատրաստվելու Տոկիո-2020-ին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը:

Օրերս Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարեց, որ 77 կգ քաշային կարգում Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի կմասնակցի Կարապետ Չալյանը:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչները հիմնավորեցին որոշումը:

«Նախնական պայմանավորվածություն կար, որ 77 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի մասնակցի հարցը որոշվելու է հունվարին Նիցայում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում, որին պետք է մասնակցեին ինչպես Կարապետ Չալյանը, այնպես էլ Արսեն Ջուլֆալակյանը: Ըստ արդյունքների էլ պարզ էր լինելու, թե ով իրավունք կստանա մեկնելու Տոկիո: Բայց Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվեց Նիցայի մրցաշարից: Մենք էլ մարզչական խորհրդով վերջնական որոշում կայացրեցինք, որ պետք է մեկնի այն ըմբիշը, որը նվաճել է այդ ուղեգիրը:

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի պատմության մեջ միշտ այդպես է եղել՝ ով նվաճել է ուղեգիրը, նա էլ մասնակցել է Խաղերին: Բայց քանի որ կար այսպիսի լարված մթնոլորտ այս հարցի շուրջ, որոշեցինք հնարավորություն տալ նաեւ Արսեն Ջուլֆալակյանին, որպեսզի ընտրությունն արդար լինի: Արսեն Ջուլֆալակյանը պատճառաբանեց, որ այժմ լիարժեք պատրաստ չէ պայքարել Կարապետ Չալյանի հետ եւ չմեկնեց Նիցա: Փոխարենը նա մասնակցեց Դանիայի մրցաշարին այդ նույն օրերին: Որոշումը կայացնելու հիմքը եղավ այն, որ Չալյանն ապահովել է ուղեգիրը, նա էլ կմասնակցի Տոկիո-2020-ին»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը:

Հարցին, թե ինչու է Հայաստանի հավաքականի մարզչական խորհուրդը Օլիմպիական խաղերից ամիսներ առաջ որոշում մասնակիցների կազմը, Էդուարդ Սահակյանի խոսքով՝ կա հատուկ ծրագիր եւ ժամկետներ Խաղերին պատրաստվելու համար:

«Մեծ պետությունների հետ պետք չի համեմատվենք, քանի որ նույն Ռուսաստանի հավաքականը մի քաշում ունի 4-5 մասնակից, որոնց մեջ ուժեղ պայքար է գնում: Մեր պես փոքր պետությունների դեպքում մշտապես աշխարհի առաջնություններում վարկանիշ նվաճած ըմբիշները մեկնում են Օլիմպիական խաղեր»,- նշեց Էդուարդ Սահակյանը:

Հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը մանրամասնեց մարզչական խորհրդի որոշումը: «Օլիմպիական խաղերը միայն ֆիզիկական ուժը չի, նաեւ հոգեբանորեն պատրաստ լինելն է: Կա լարվածություն այս հարցի շուրջ եւ ճիշտ ժամանակն էր հայտարարել Օլիմպիական խաղերի մասնակցի անունը: Ըմբիշներ կան 4-5 անգամ աշխարհի չեմպիոն են դառնում, օլիմպիական մեդալ չեն նվաճում, որովհետեւ հոգեպես պատրաստ չեն լինում դրան: Մարզիկին պահել նյարդային լարվածության մեջ մինչեւ վերջին շաբաթը՝ կմասնակցես Օլիմպիական խաղերին, թե ոչ, շատ սխալ է մասնագիտական առումով:

Այն երկրների թիմերը, որոնք ուշ են հայտարարում իրենց կազմերը, չունեն այսպիսի լարվածություն: Այն քաշային կարգերում, որոնք վարկանիշային մրցաշարերով են մասնակցելու Օլիմպիական խաղերին, հոգեպես ավելի լարված են լինելու, քան այն ըմբիշները, որոնք մեկ տարի առաջ են իմացել, որ մասնակցելու են»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը:

Դիտողությանը, թե արդյո՞ք ֆեդերացիան կարգ չի խախտում այս պահին մասնակից որոշելու հարցում, մարզիչների պնդմամբ՝ ամեն ինչ արվում է արդար ընտրությամբ եւ առանց որեւէ կարգ խախտելու:

«2018 թվականից Կարապետ Չալյանն ու Արսեն Ջուլֆալակյանը պարբերաբար մրցակցել են, թե ով է գնալու այս կամ այն խոշոր մրցաշարին: 2018 թվականի Հայաստանի առաջնությունում Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց Չալյանին: Եվրոպայի առաջնության մասնակցին որոշելու համար միջազգային մրցաշարում կրկին հանդիպեցին այս երկու ըմբիշները եւ նորից հաղթեց Կարապետ Չալյանը: 2019 թվականի Հայաստանի առաջնությանը Արսեն Ջուլֆալակյանը ներկայացավ, կշվռվեց, բայց հրաժարվեց մասնակցությունից վատառողջ լինելու պատճառով: Հաղթող ճանաչվեց Կարապետ Չալյանը:

2019թ․ Եվրոպայի առաջնությունից առաջ Կարապետ Չալյանը վնասվածք ստացավ հավաքի ընթացքում: Բացի Լեւոն Ջուլֆալակյանից, որեւէ մեկը չգիտեր այդ ժամանակ, թե ով պետք է մեկնի Եվրոպայի առաջնության: Հետո իմանում ենք, որ Եվրոպային պետք է մասնակցեր Կարապետ Չալյանը, քանի որ նա Հայաստանի չեմպիոնն է: Առաջարկ է լինում վնասվածքի պատճառով Չալյանի փոխարեն Եվրոպա ուղարկել Արսեն Ջուլֆալակյանին: Իսկ Կարապետը մասնակցի Եվրոպական խաղերին: Այդպես Եվրոպայի առաջնությանը գնում է Հայաստանի առաջնությանը չմասնակցած Արսեն Ջուլֆալակյանը:

Ճիշտ է, նա ունի մեծ տիտղոսներ, բայց նրա հաղթանակները մինչեւ 2014 թվականն են եղել: Դրանից հետո շատ պարտություններ՝ 2015, 2016 թվերին՝ Օլիմպիական խաղերում պարտություն: Արսենը մասնակցեց, ընկավ երրորդ տեղ. Շատ լավ էր, ուրախաղանք:

Եվրոպական խաղերից առաջ Չալյանը հայտնում է, որ ապաքինվել է եւ պատրաստ է մեկնել Մինսկ: Այս պարագայում ոչ մի խախտում չի լինում: Կարապետ Չալյանին առաջարկ է լինում Լեւոն Ջուլֆալակյանի կողմից՝ մասնակցել Եվրոպական խաղերին, բայց աշխարհի առաջնությանը՝ ոչ:

Ես եղել եմ այդ խոսակցությանը, պարոն Ջուլֆալակյանը հենց այդպես էլ ասաց՝ դու ոչ մի դեպքում չես մասնակցելու աշխարհի առաջնությանը: Եթե խնդիրներ ստեղծես մեզ համար, Եվրոպական խաղերին էլ չես մասնակցի: Սա պայմանավորվածությո՞ւն էր, թե՞ պայման դնել: Որտեղ է կարգ խախտվել այստեղ: Մարդուն ուղղակի հնարավորություն չի տրվել ընտրելու, այլ պայման է դրվել: Չալյանն էլ ստիպված համաձայնել է մասնակցել Եվրոպական խաղերին:

Դրանից հետո Արսեն Ջուլֆալակյանն անհայտ պատճառներով հրաժարվել է թիմի հետ հավաք անցնելու, թիմի հետ մարզվելուց: Գուցե նա պատրաստվում է, բայց մենք չգիտենք՝ ինքն ինչ մարզավիճակում է: Թե ինչու Արսեն Ջուլֆալակյանը թիմի հետ չի մարզվում, այդ մասին հարցրեք իրեն: Մենք փորձում ենք հնարավորինս արդար ընտրություն անել: Արսենը մասնակցեց Դանիայի մրցաշարին Նիցայի մրցաշարի օրերին, բայց մարզչական խորհուրդը չի տվել իր համաձայնությունը այդ մասնակցության համար: Մի քանի անգամ ունեցել ենք հանդիպումներ ինչպես ՀԱՕԿ նախագահի, այնպես էլ Լեւոն Ջուլֆալակյանի հետ:

Որոշումը եղել է այսպես՝ ընտրել մի մրցաշար, որտեղ անպայման պետք է մասնակցեն երկու մարզիկներն էլ, եւ հաղթողն էլ կմեկնի Տոկիո-2020: Մարզիչներով ընտրել ենք Նիցայի մրցաշարը, բայց Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվել է մասնակցությունից՝ ասելով, թե պատրաստ չի այժմ մրցակցել Կարապետ Չալյանի հետ: Ըստ մեր նախնական համաձայնության եւ հայտարարության էլ կայացրել ենք որոշումը, որ Տոկիո կմեկնի Կարապետ Չալյանը: Այս մարզչական կազմում «լյուբիմչիկներ» չկան: Ով ուժեղ է, նրան էլ պետք է հնարավորություն տրվի: Կարապետ Չալյանը ուժեղ է Արսեն Ջուլֆալակյանից»,- մանրամասնեց Գեւորգ Ալեքսանյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում