14:34  ,  20 փետրվարի, 2020

Հայաստանի հավաքականի մարզիչներն ամփոփել են ԵԱ-ն

Հունահռոմեական ըմբշամարտի Հայատանի հավաքականի գլխավոր մարզիչ էդուարդ Սահակյանը, մարզիչներ Գեւորգ Ալեքսանյանը եւ Սամվել Գեւորգյանը ամփոփել են Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-13-ը Հռոմում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 4 մեդալ՝ երկու ոսկե, երկու բրոնզե: Ոսկե մեդալակիրներ դարձան Արթուր Ալեքսանյանն ու Գեւորգ Ղարիբյանը, բրոնզե մեդալներ նվաճեցին Կարապետ Չալյանն ու Կարեն Ասլանյանը:

Էդուարդ Սահակյան.

«Արդյունքները շատ գոհացնող են: Բարդ մրցաշար անցկացրինք, լավ արդյունքներ գրանցեցինք: Գեւորգ Ղարիբյանը փայլեց մրցագորգում: Արթուր Ալեքսանյանն ցույց տվեց, որ լիարժեք ապաքինվել է վնասվածքից հետո: Կարապետ Չալյանը պետք է մտներ եզրափակիչ, բայց իր տակտիկական սխալի պատճառով պարտվեց եզրափակիչում: Շատ բարդ գոտեմարտեր անցկացրեց, հաղթեց նաեւ աշխարհի չեմպիոն սերբ ըմբիշին: Կարեն Ասլանյանը նույնպես շատ լավ հանդես եկավ:

Մյուս քաշային կարգերում էլ մեդալային ակնկալիքներ ունեինք, բայց չստացվեց: Արդյունքները գնահատում ենք բավարար, կպատրաստվենք վարկանիշային մրցաշարերի»:

Գեւորգ Ալեքսանյան.

«Թիմը շատ լավ հանդես եկավ, մենք կարողացանք լավ արդյունքներ գրանցել: Ունեցանք նաեւ անհաջող մրցելույթներ: Օրինակ՝ սպասելիք ունեինք 63 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանից, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանից նույնպես լավ ակնկալիք ունեինք, բայց անհաջող ելույթներ ունեցան ըմբիշները: Ցածր կարգի մասնակցություն ցույց տվեց Սահակ Հովհաննիսյանը, բայց նա առաջին անգամ էր մասնակցում մեծահասկների Եվրոպայի առաջնությանը: Լավ մեկնարկեց Ռուբեն Ղարիբյանը, բայց վերջում ինչ-որ բան պակասեց:

Մաքսիմ Մանուկյանի ձախողումը պայմանավորված էր հիվանդությամբ: Նա արդեն մրցավայրում հիվադ էր, բայց քանի որ հասել էր այնտեղ, որոշվեց՝ պետք է մասնակցի, փորձի: Ծանր քաշային Դավիթ Օվասապյանն իր մրցակիցներից 15 կգ տարբերություն ուներ, ինչը նրան խանգարեց:

Արթուր Ալեքսանյանն իրեն շատ լավ էր զգում գորգում: Նա մրցեց իր հիմնական մրցակիցների հետ, որոնք արդեն համակերպվել են պարտության հետ ու սկսել են այլ գոտեմարտ վարել՝ ոչ սպորտային պահվածքով: Մուսուլմանական երկրների ներկայացուցիչների պարագայում սովոր ենք ոչ սպորտային պահվածք տեսնել, գլխով հարվածներ, բայց անսպասելի էր ֆին ըմբիշի պահվածքը գոտեմարտի ընթացքում: Նա ամեն ինչ արեց, որ Արթուրը համբերությունից դուրս գա եւ հարվածի իրեն: Այդ պարագայում Արթուրին անմիջապես կհեռացնեին, բայց Արթուրը դիմացավ մինչեւ վերջ:

Եվրոպայի առաջնությունից հետո Արթուրի մոտ ատամների շարժ է եղել, ծնոտի բորբոքում: Պետք է բուժում ստանա եւ կարգավորի: Այս Եվրոպայի առաջնությունում նրան գլխով շատ հարվածեցին: Չընդունեք, որ մենք եկել ենք այստեղ արդարանալու, մրցավարությունից դժգոհելու: Ներկայացնում ենք, որպեսզի բոլորն իմանան ինչն է եղելությունը»:

Սամվել Գեւորգյան.

«Շատ ուրախալի է, որ այս առաջնությունում ունեցանք նոր անուն՝ Գեւորգ Ղարիբյան: Մենք նրանից սպասելիքներ ունեինք, եւ նա արդարացրեց դրանք: Ինչ վերաբերում է մրցավարությանը, որեւէ մեկի վրա մեղքը չենք բարդում, հակառակը. մեր մարզիկներին ենք մեղադրում: Ափսոսում ենք, որ ունեինք իրական մեդալների հավակնորդներ մյուս քաշային կարգերում, բայց չստացվեց»:

Թիմը կնախապատրաստվի մարտի 19-22-ը Բուդապեշտում անցկացվելիք առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում