09:10  ,  19 փետրվարի, 2020

«Բարսելոնան» տարբերակներ է քննարկում Լաուտարո Մարտինեսի ձեռքբերման համար

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն ամեն գնով ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել Միլանի «Ինտերի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ:

Calciomercato-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» ցանկանում է խուսափել 22-ամյա հարձակվողի ամբողջական հրաժարագինը վճարելուց: Փոխարենը՝ «Բարսելոնան» մտադիր է գործարքում ընդգրկել թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, որն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է Մյունխենի «Բավարիայում»:

«Բարսելոնայում» Լաուտարո Մարտինեսին դիտարկում են որպես թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին փոխարինող:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» համաձայնության է եկել Լաուտարո Մարտինեսի հետ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի հարցում:

Լաուտարո Մարտինեսի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը միլանյան թիմի կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում