Իսպանական «Լեգանեսի» և Դանիայի ազգային հավաքականի հարձակվող Մարտին Բրեյթուայթը, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի կատալոնական «Բարսելոնայում»:
Berlingske tiende-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» համաձայնության է եկել Բրեյթուայթի հետ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի հարցում:
Առաջիկա օրերի ընթացքում Իսպանիայի չեմպիոնի ղեկավարությունն ավարտին կհասցնի բանակցությունները նաև «Լեգանեսի» հետ և կվճարի 28-ամյա հարձակվողի պայմանագրով նախատեսված հրաժարագինը՝ 18 միլիոն եվրո:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բրեյթուայթը մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա Լիգան Ուսման Դեմբելեի ստացած վնասվածքի պատճառով թույլ է տվել կատալոնական ակումբին 2 շաբաթվա ընթացքում նոր հարձակվող ձեռք բերել:
«Բարսելոնան» 15 օր ունի Լա Լիգայի ակումբներից խաղացողի գնելու կամ ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում