14:53  ,  17 փետրվարի, 2020

Անտոնիո Կոնտե․ Մենք փաստացի նվիրեցինք այդ գոլերը «Լացիոյին»

Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Հռոմի «Լացիոյից» կրած 1։2 հաշվով պարտությունը Իտալիայի առաջնության 24-րդ տուրում։

«Մենք լավ էինք խաղում, բայց արդյունքն ու բաց թողած գոլերը դժգոհության առիթ են տալիս։ Մենք փաստացի նվիրեցինք այդ գոլերը «Լացիոյին»։ Անթերի չէինք, բայց այսպիսի լուրջ դիմակայությունում առաջնային նշանակություն են ունենում մանրուքները, որոնց գինը բարձրանում է։

Բաց թողած գոլերի դրվագներում մեր տղաները շատ մեղմ էին խաղում։ Կա աճի խնդիրները։ Մեր ֆուտբոլիստները պետք է լինեն ավելի անկաշկանդ։

Այս մրցաշրջանում մենք այսպիսի պարտություններ կրեցինք նաեւ «Բարսելոնայից» եւ «Բորուսիայից», երբ խաղը մեր վերահսկողության տակ էր, բայց արդյունքը բացասական էր։ Մենք պետք է հաղթահարենք այս ամենը, ճիշտ արձագանքենք ամեն իրադրության։

Պետք է առաջադիմել, եթե ցանկանում ենք խնդիրներ ստեղծել առաջատարներին»,- Կոնտեի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Այս տուրից հետո «Լացիոն» 56 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր է հետ առաջատար «Յուվենտուսից»։ «Ինտերը» նահանջեց երրորդ տեղ՝ 54 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Լացիո» - «Ինտեր»՝ 2։1 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 50, 11մ, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 69 - Էշլի Յանգ, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս