01:39  ,  17 փետրվարի, 2020

«Լացիոյի» կամային հաղթանակը «Ինտերի» նկատմամբ

Իտալիայի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին չեմպիոնական մրցավազքի մասնակիցներ Հռոմի «Լացիոն» ու Միլանի «Ինտերը»։ 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած մայրաքաղաքային թիմը։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ Առաջին խաղակեսի վերջնամասում հաշիվը բացեց «Ինտերի» անգլիացի պաշտպան Էշլի Յանգը։

50-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, որը արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։ Կանոնները Իմոբիլեի նկատմամբ սեփական տուգանային հրապարակում խախտել էր «Ինտերի» հոլանդացի պաշտպան Ստեֆան դե Վրեյը։

69-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո դաշտի տերերի հաղթական գոլը խփեց սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։

 «Լացիոն» 56 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր է հետ առաջատար «Յուվենտուսից»։ «Ինտերը» նահանջեց երրորդ տեղ՝ 54 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Լացիո» - «Ինտեր»՝ 2։1 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 50, 11մ, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 69 - Էշլի Յանգ, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում