19:55  ,  16 փետրվարի, 2020

«Տոտենհեմի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Աստոն Վիլայի» հետ։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Արդեն 9-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Տոտենհեմի» բելգիացի պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը։ 27-րդ րոպեին նա վերականգնեց հավասարությունը՝ անկյունայինի խաղարկումից հետո փայլուն հարվածով գրավելով «Աստոն Վիլայի» դարպասը։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինն առաջ մղեց «Տոտենհեմին»։ Նրա իրացրած 11 մետրանոցից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը, սակայն Սոն Հին Մինն առաջինը հասավ գնդակին եւ գրավեց դարպասը։

Ընդմիջումից հետո դաշտի տերերը բելգիացի պաշտպան Բյորն Էնգելսի գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը, սակայն ավելացված ժամանակի վերջին րոպեին Սոն Հին Մինը ձեւակերպեց դուբլ՝ հաղթանակ պարգեւելով լոնդոնյան թիմին։

«Տոտենհեմը» 40 միավորով բարձրացավ 5-րդ տեղ՝ 1 միավորով առաջ անցնելով «Շեֆիլդ Յունայթեդից»։ «Աստոն Վիլան» 17-րդն է՝ 25 միավոր։

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Տոտենհեմ»՝ 2։3 (տեսանյութ)

Տոբի Ալդերվեյրելդ, 9, ինքնագոլ, Բյորն Էնգելս, 53 - Տոբի Ալդերվեյրելդ, 27, Սոն Հին Մին, 45+2, 90+4

Չիրացրած 11մ՝ Սոն Հին Մին, 45+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում