22:35  ,  15 փետրվարի, 2020

ԵԱ․ Գեւորգ Մխեյանը նույնպես չնվաճեց բրոնզե մեդալ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գևորգ Մխեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7։9 հաշվով պարտվեց Մոլդովայի ներկայացուցիչ Միխայիլ Սավային:

Գևորգ Մխեյանը մեկնարկում պարտվել էր ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին (8:15), որն էլ դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում Գևորգ Մխեյանը 12:2 հաշվով հաղթանակ էր տարել Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի նկատմամբ, իսկ երկրորդ սփոփիչ գոտեմարտում 7:3 հաշվով հաղթանակ տարել ուկրաինացի Օլեքսեյ Բորուտայի հետ պայքարում:

Հիշեցնենք, որ 57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը 0։10 հաշվով պարտություն էր կրել սերբ Ստեվան Անդրիա Միչիչից։

Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին (5:4), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի Անատոլի Բուրույանին (5:0), կիսաեզրափակիչում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին (3:6):

61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում 6։7 հաշվով պարտվել է ռուսաստանցի Ալեքսանդր Բոգոմոեւին եւ փետրվարի 16-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

Հարությունյանը քառորդ եզրափակիչում 7:0 հաշվով հաղթանակ էր տարել Ուկրաինան ներկայացնող Իվան Բիլեյչուկի նկատմամբ:

125 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն 0։9 հաշվով պարտվել է Լեհաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Բարանին եւ փետրվարի 16-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

Բերիանիձեն քառորդ եզրափակիչում 3։0 հաշվով հաղթանակ էր տարել Գերմանիան ներկայացնող Նիկ Մատուհինի նկատմամբ, 1/8 եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել էր Ռումինիայի ներկայացուցիչ Ռարես Դանիել Չինտոանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում