18:33  ,  15 փետրվարի, 2020

ԵԱ. Լևան Բերիանիձեն դուրս եկավ կիսաեզրափակիչ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 125 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն հաղթանակ տարավ Գերմանիան ներկայացնող Նիկ Մատուհինի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Բերիանիձեն հաղթանակի հասավ 3:0 հաշվով:

Լևան Բերիանիձեն 1/8 եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել էր Ռումինիայի ներկայացուցիչ Ռարես Դանիել Չինտոանին:

61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը քառորդ եզրափակիչում 7:0 հաշվով հաղթանակ է տարել Ուկրաինան ներկայացնող Իվան Բիլեյչուկի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև 92 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մարզպետ Գալստյանը, որը քառորդ եզրափակիչում 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Հունաստանը ներկայացնող Անգելոս Կոուկլարիսի նկատմամբ:

86 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Մխիթարյանը քառորդ եզրափակիչում 2:6 հաշվով պարտություն կրեց Սան Մարինոն ներկայացնող Միլես Նազեմ Ամինեի հետ պայքարում: 

74 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը մեկնարկում 2:9 հաշվով պարտություն էր կրել վրացի Ավթանդիլ Կենտչաձեի հետ պայքարում:

Երեկոյան մրցահերթում 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը դեռ հայտնի չէ: Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին (5:4), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի Անատոլի Բուրույանին (5:0), կիսաեզրափակիչում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին (3:6):

Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գևորգ Մխեյանը: Բրոնզե մեդալի համար պայքարում Գևորգ Մխեյանի մրցակիցը կլինի Մոլդովան ներկայացնող Միխայիլ Սավան: Գևորգ Մխեյանը մեկնարկում պարտվել էր ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին (8:15), որն էլ դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում Գևորգ Մխեյանը 12:2 հաշվով հաղթանակ էր տարել Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի նկատմամբ, իսկ երկրորդ սփոփիչ գոտեմարտում 7:3 հաշվով հաղթանակ տարել ուկրաինացի Օլեքսեյ Բորուտայի հետ պայքարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում