17:37  ,  15 փետրվարի, 2020

ԵԱ. Հովհաննես Մխիթարյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 86 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Մխիթարյանը մրցեց Սան Մարինոն ներկայացնող Միլես Նազեմ Ամինեի հետ:

Հովհաննես Մխիթարյանը պարություն կրեց 2:6 հաշվով:

1/8 եզրափակիչում Հովհաննես Մխիթարյանը 7:5 հաշվով հաղթանակ էր տարել ուկրաինացի Իլյա Արչայայի նկատմամբ:

61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը քառորդ եզրափակիչում 7:0 հաշվով հաղթանակ է տարել Ուկրաինան ներկայացնող Իվան Բիլեյչուկի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև 92 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մարզպետ Գալստյանը, որը քառորդ եզրափակիչում 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Հունաստանը ներկայացնող Անգելոս Կոուկլարիսի նկատմամբ:

125 կգ քաշային կարգում Լևեն Բերիանիձեն 1/8 եզրափակիչում 4:1 հաշվով հաղթանակ էր տարել Ռումինիայի ներկայացուցիչ Ռարես Դանիել Չինտոանի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:

74 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը մեկնարկում 2:9 հաշվով պարտություն էր կրել վրացի Ավթանդիլ Կենտչաձեի հետ պայքարում:

Երեկոյան մրցահերթում 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը դեռ հայտնի չէ: Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին (5:4), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի Անատոլի Բուրույանին (5:0), կիսաեզրափակիչում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին (3:6):

Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գևորգ Մխեյանը: Բրոնզե մեդալի համար պայքարում Գևորգ Մխեյանի մրցակիցը կլինի Մոլդովան ներկայացնող Միխայիլ Սավան: Գևորգ Մխեյանը մեկնարկում պարտվել էր ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին (8:15), որն էլ դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում Գևորգ Մխեյանը 12:2 հաշվով հաղթանակ էր տարել Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի նկատմամբ, իսկ երկրորդ սփոփիչ գոտեմարտում 7:3 հաշվով հաղթանակ տարել ուկրաինացի Օլեքսեյ Բորուտայի հետ պայքարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում