14:38  ,  14 փետրվարի, 2020

Մխիթարյան․ Գիտակցում ենք «Ատալանտայի» հետ առաջիկա խաղի կարեւորությունը

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Ատալանտայի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Իտալիայի առաջնության 24-րդ տուրում։ «Ատալանտան» 42 միավորով չորրորդ տեղում է, «Ռոման» հետ է 3 միավոր եւ 5-րդն է։

«Մենք գիտակցում ենք առաջիկա հանդիպման կարեւորությունը։ Պետք է ամբողջ ուժով հանդես գանք, որպեսզի հաղթենք։ Հեշտ չի լինի։ Սակայն այս խաղը տարբերվելու է առաջին շրջանի հանդիպումից, որն ավարտվեց «Ատալանտայի» հաղթանակով՝ 2։0։

Մենք ունենք գերազանց կազմ եւ մարզիչ, որը կարող է ոգեւորել յուրաքանչյուրին։ Պետք է բոլորս պատրաստ լինենք պայքարին եւ պատասխանատվություն վերցնենք առաջիկա խաղերում։ Պետք է ֆիզիկապես եւ հոգեբանորեն պատրաստ լինենք դրան։ Կարեւոր ամիս է լինելու»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է football-italia.net-ը։

«Ատալանտա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով