Մարզչական խորհուրդը ինչ որոշում կայացնի 77 կգ քաշի օլիմպիական ուղեգրի հետ կապված, դա էլ կլինի վերջնական որոշումը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:
Եվրոպայի առաջնությունից առաջ ֆեդերացիայի ղեկավարությունը հայտնել էր, որ 77 կգ քաշային կարգում Տոկիո-2020-ի մասնակցին կհայտարարեն առաջնությունից հետո:
«Կա մարզչական խորհուրդ, մարզիչները դեռ նոր են վերադարձել: Ինչ որոշում կայացնի մարզչական խորհուրդը, դա էլ կլինի վերջնական լուծումը: Բայց այս պահին դեռ Հայաստան չի վերադարձել Գեւորգ Ալեքսանյանը: Մարզիչները կորոշեն եւ ֆեդերացիան այն կընդունի որպես վերջնական որոշում»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:
ՀԸՖ գլխավոր քարտուղարն ամփոփեց նաեւ Եվրոպայի առաջնությունը:
«Ուզում եմ նախ շնորհավորել Արթուր Ալեքսանյանին 5-րդ ոսկու կապակցությամբ: Հպարտանում ենք նրանով: Նրանից սպասում ենք երկրորդ օլիմպիական ոսկին: Գեւորգ Ղարիբյանը շատ լավ հանդես եկավ, բոլորիս ուրախացրեց: Հրաշալի գոտեմարտեր անցկացրեց կիսաեզրափակիչում ադրբեջանցու հետ եւ եզրափակիչում թուրք ըմբիշի հետ: Կարեն Ասլանյանը նույնպես շատ լավ մասնակցեց: Կիսաեզրափակիչում ոչ բացահայտ մրցավարական միջամտություն եղավ: Մենք բողոքարկեցինք: Այդ գոտեմարտի 3 մրցավարներն էլ որակազրկվեցին, ինչը կազդի Օլիմպիական խաղերում մրցավարական կազմում ընդգրկվելու վրա: Չալյանն էլ վատ չմասնակցեց: Նա պարտավոր էր ադրբեջանցի ըմբիշին հաղթել»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:
Հիշեցնենք, որ Էդուարդ Սահակյանի գլխավորած թիմը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում նվաճեց 4 մեդալ՝ երկու ոսկի, երկու բրոնզ: Ոսկե մեդալներ նվաճեցին 97 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը: Բրոնզե մեդալակիրներ դարձան 77 կգ քաշային Կարապետ Չալյանն ու Կարեն Ասլանյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում