03:09  ,  14 փետրվարի, 2020

Էդուարդ Սահակյան․ Այս հաղթանակը հետ բերեց Արթուր Ալեքսանյանի հավատը վնասվածքից հետո

«Զվարթնոց» օդանավակայանում հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրների եւ թիմի ժամանումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն ամփոփեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փետրվարի 10-12-ը տեղի ունեցած մրցաշարը:

«Արդյունքները գոհացնող են: Թիմը շատ լավ հանդես եկավ: Երկու ոսկե մեդալ շատ լավ արդյունք է: Այս առաջնությունում բոլորիս շատ ուրախացրեց Արթուր Ալեքսանյանն իր 5-րդ ոսկե մեդալով: Այս հաղթանակը հետ բերեց Արթուրի հավատը վնասվածքից հետո: Կար մտավախություն, որ վնասվածքը կկրկնվի:

Արթուրին մենք տեսանք իր լավագույն ոճի մեջ, բարձր մակարդակով մասնակցեց, բոլոր մրցակիցներին հաղթեց մեկ շնչով: Նա նորից ձեռք բերեց իր վստահությունը, որը միշտ ունեցել է:

Թիմն ընդհանուր լավ մտավ պայքարի մեջ: Ուժեղ մրցակցություն էր, մասնակից երկրներից բոլորն էլ իրենց ուժերն էին փորձում Օլիմպիական խաղերից առաջ: Թիմում ունեինք թերի կողմ նախկինում. երկրորդ 3 րոպեն միշտ դժվար էր ստացվում: Այժմ այդ խնդիրը հաղթահարել ենք: Ըմբիշները հաղթահարեցին այդ խնդիրը եւս: Բոլորն էլ բարձր մակարդակով անցկացրին իրենց գոտեմարտերը: Տղաներն զգացին, որ իրենք ուժեղ են: Շատ երկրներ կերազեին այս մեդալներով վերադառնալ հայրենիք»,- ասաց Էդուարդ Սահակյանը:

Հիշեցնենք, որ Էդուարդ Սահակյանի գլխավորած թիմը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 4 մեդալ՝ երկու ոսկի, երկու բրոնզ: Ոսկե մեդալներ նվաճեցին 97 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը: Բրոնզե մեդալակիրներ դարձան 77 կգ քաշային Կարապետ Չալյանն ու Կարեն Ասլանյանը: 

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում