02:40  +04,  14 փետրվարի, 2020

Կարեն Ասլանյան․ Թիմի համար շատ լավ անցավ Եվրոպայի առաջնությունը

Ուզում էի ոսկե մեդալ նվաճել, բայց ինչ-որ բան կիսաեզրափակիչում խանգարեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը:

Հիշեցնենք, որ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար պայքարում մրցեց Հունգարիայի ներկայացուցիչ Կրիստիան Իստվան Վանզայի հետ եւ հաղթեց 7:5 հաշվով:

«Ընդհանուր թիմի համար շատ լավ անցավ Եվրոպայի առաջնությունը: Կարծում եմ՝ մարզիչները գոհ են մեզանից: Ուզում էի ոսկե մեդալ նվաճել, բայց չեմ կարող ասել, թե ինչն ինձ խանգարեց կիսաեզրափակիչում: Մրցավարական կողմնապահություն չկար, մաքուր էին դատում:

Մարզիչների հետ կքննարկենք՝ որտեղ էր իմ սխալը, որ մյուս անգամ նույնը չանեմ: Կպատրաստվեմ վարկանիշային մրցաշարի: Ամեն ինչ կանեմ, որ նվաճեմ ուղեգիր, ապա օլիմպիական մեդալ»,- ասաց Կարեն Ասլանյանը:

Սա Ալսանյանի երրորդ բրոնզե մեդալն է Եվրոպայի առաջնությունում: Հայ ըմբիշը բրոնզե մեդալակիր է դարձել նաեւ 2018 եւ 2019 թվականներրին:

Ասլանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3:1 հաշվով հաղթեց շվեդ Օսկար Էրլանդսոնի, 1/8 եզրափակիչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել վրացի Գեորգի Շոտաձեի նկատմամբ, քառորդ եզրափակիչում 10:1 հաշվով հաղթել էր սերբ Մատե Նեմեշին: Կիսաեզրափակիչում Կարեն Ասլանյանը գերլարված պայքարում 3:4 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Նազիր Աբդուլաեւին:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ