01:57  +04,  14 փետրվարի, 2020

Գեւորգ Ղարիբյան․ Ադրբեջանցուն եւ թուրքին հաղթելը մեզ համար պատվի հարց է (ֆոտո)

Շատ տպավորված եմ, չէի սպասում նման դիմավորում օդանավակայանում: Ինձ լավ եմ զգում, որ այսքան մարդ է եկել մեր ուրախությունը կիսելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոն 26-ամյա Գեւորգ Ղարիբյանը:

Հիշեցնենք, որ Հռոմում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշայինների եզրափակիչում հայ ըմբիշը համառ պայքարում հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Կերեմ Կամալին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը հաղթեց նաեւ բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին (9:1), Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Բազարովին (8:0) եւ Էստոնիան ներկայացնող Հիրալի Մայգիսալուին (8:0):

Փետրվարի 13-ին Եվրոպայի չեմպիոնը թիմի հետ միասին վերադարձավ Հայաստան:

«Չէի սպասում, որ այսքան մարդ կհավաքվի դիմավորելու մեզ: Շնորհակալ եմ, բոլորից, որ եկել են մեր ուրախությունը մեզ հետ կիսելու: Շատ լավ եմ ինձ զգում, որ կարողացա բոլորին ուրախացնել, մեր դրոշը բարձրացնել եւ հիմնը հնչեցնել:

Դժվար տրված հաղթանակ էր: Առաջին գոտեմարտից հետո մի փոքր վատ էի ինջ զգում, բայց կարողացա ուժերս հավաքել եւ հետագա մյուս գոտեմարտերում էլ հաղթել: Ամենալարված գոտեմարտը եզրափակիչում էր: Երկրորդ մրցափուլից հետո ուսիս վնասվածքը զգալ տվեց: Մարտավարությունս փոխեցինք աջից ձախ ու համառ պայքարում հաջողության հասա:

Ադրբեջանցուն եւ թուրքին հաղթելը մեզ համար պատվի հարց է: Կմասնակցեմ վարկանիշային մրցաշարի եւ կպայքարեմ օլիմպիական ուղեգրի համար»,- ասաց Գեւորգ Ղարիբյանը:

Եվրոպայի չեմպիոնին դիմավորելու էր եկել հայրը՝ Արմեն Ղարիբյանը: «Շատ երջանիկ եմ որդուս հաղթանակի համար, ինձ զգում եմ ամենաերջանիկ հայրը: Անչափ ուրախացա, երբ հաղթեց»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Ղարիբյանի հայրը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ