20:46  ,  11 փետրվարի, 2020

ԵԱ. Արթուր Ալեքսանյանը գեղեցիկ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գեղեցիկ հաղթանակով նվաճեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր եւ կպայքարի ոսկե մեդալի համար:

97 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Ալեքսանյանը 8:1 հաշվով հաղթեց Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենին:

Օլիմպիական չեմպիոնը փետրվարի 12-ին կփորձի նվաճել իր մարզական կարիերայի Եվրոպայի 5-րդ ոսկե մեդալը: Արթուր Ալեքսանյանի մրցակիցը եզրափակիչում կլինի Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլին:

Օլիմպիական չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:1 հաշվով հաղթել էր թուրք Ջենք Իլդեմին, քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել բուլղարացի Կիրիլ Միլովի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ է դուրս եկել նաեւ 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը: Կիսաեզրափակիչում Ղարիբյանը 8:0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց էստոնացի Հիլարի Մայգիսալուին: Ղարիբյանը Եվրոպայի ոսկե մեդալը կվիճարկի թուրք Կերեմ Կամալի հետ:

Փետրվարի 11-ին տեղի կունենա առաջին մրցումային օրվա եզրափակիչները: 77 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում մրցագորգ դուրս կգա Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը: Հիշեցնենք, որ հայ ըմբիշը փետրվարի 10-ին կիսաեզրափակիչում 0:3 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին: Բրոնզե մեդալի համար պայքարում Չալյանի մրցակիցը կլինի կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի սանը՝ բուլղարիան ներկայացնող հայազգի Հայկ Մնացակայնանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում