Տոկիոյի Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգելու կամ չեղարկելու մասին խոսք չի եղել: Վստահ ենք, որ Չինաստանը վերահսկում է իրավիճակը: Այս Օլիմպիական խաղերին չպետք է ոչինչ խանգարի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կանցկացվի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
«Ճապոնիան պատրաստ է երկրորդ անգամ ընդունել Օլիմպիական խաղերը: Առաջինը տեղի է ունեցել 1964 թվականին: Արդեն պատրաստ է 68 հազար տեղանոց նոր ստադիոնը: Շատ կառույցներ օգտագործվելու են նախորդ Խաղերից պահպանվածներով: Հնարավորինս փորձ է արվել շատ ծախսեր չանել մարզական կառույցներ ստեղծելու վրա:
Կա մեկ ընդհանուր գաղափար, որ փորձում ենք մշտապես պահպանել. Օլիմպիական խաղերը պետք է լինեն համայն աշխարհի եւ մարդկության համար: Խաղերի ուղերձը բնության հետ ներդաշնակ ապրելն է, այլ ոչ թե բնության դեմ պայքարելը: Մեր նպատակն է Խաղերի միջոցով ցույց տալ աշխարհին, թե ինչպես է Ճապոնիան կարողացել վերականգնվել 2011 թվականի մեծ ցունամիից հետո:
Գլխավոր խնդիրը մասնակիցների եւ այցելուների համար առավելագույն հարմարավետությունն ապահովելն է, քանի որ Խաղերի անցկացման շրջանը տարվա ամենաշոգ եւ խոնավ եղանակն է: Խաղերը կենտրոնացված չեն լինելու միայն Տոկիոյում: Օրինակ՝ մարաթոնը տեղի է ունենալու Ճապոնիայի հյուսիսային քաղաքներից մեկում: Նույն կարգով շատ մարզաձեւերի մրցումներ կանցկացվեն տարբեր քաղաքներում, որպեսզի մասնակիցներին հնարավորինս զերծ պահենք շոգից:
Խաղերի շրջանակներում մեկ նորարարություն կլինի. մասնակից երկրների օլիմպիական հավաքականներից յուրաքանչյուրը կհյուրընկալվի ճապոնական քաղաքներից մեկին: Քաղաքներն են ընտրել, թե որ երկրի հավաքականին են ցանկանում հյուրընկալել: Հայաստանի օլիմպիական հավաքականին կհյուրընկալի Մինամի Այս (Minami Ise) քաղաքը, որի բնակիչները եւ տեղական կառավարման մարմինները շատ հետաքրքրված են ըմբշամարտով, մասնավորապես հայ ըմբիշներով եւ օլիմպիական չեմպիոնով: Հայաստանի թիմը Մինամի Այս կգնա Խաղերից հետո: Այժմ ՀԱՕԿ-ի հետ քննարկում ենք Խաղերից հետո մի քանի օր այս քաղաքում թիմի հանգստանալու հարցը:
Օլիմպիական խաղեր հյուրընկալելը եւ կազմակերպելը շատ ծախսատար է: Դեռ չենք կարող ասել, թե որքան կկազմի բյուջեն: Ակնկալում ենք 11 հազարից ավելի մասնակից՝ Օլիմպիական խաղերին, 4400 մասնակից էլ Պարալիմպիկին»,- ասաց դեսպան Ջուն Յամադան:
Հիեցնենք, որ Հայաստանը դեռեւս ունի 3 օլիմպիական ուղեգիր. հունահռոմեական ըմբշամարտի 97 եւ 77 կգ քաշային կարգերում եւ սպորտային մարմնամարզությունում, որտեղ անվանական ուղեգիր է նվաճել Արթուր Դավթյանը: Օլիմպիական վարկանիշ ունի նաեւ ծանրամարտի Հայաստանի հավաքականը, բայց թե քանի ուղեգրի իրավունք կստանա Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմը, հայտնի կդառնա մայիսին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում