16:12  ,  7 փետրվարի, 2020

Հաջիմուրադ Գացալով․ Հնարավոր ամեն ինչ կանեմ, որ օլիմպիական ուղեգիր եւ մեդալ նվաճեմ Հայաստանի համար

Ես երկիր էի փնտրում ինձ համար, քանի որ Ռուսաստանի հավաքականում իմ քաշում մեծ մրցակցություն էր, բացի այդ դեռ հայտնի չէ՝ թիմը կկարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին դոպինգի սկանդալի պատճռով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ազատ ոճի Հայաստանի հավաքականի նոր անդամ, 2004թ․ Աթենքի օլիմպիական չեմպիոն Հաջիմուրադ Գացալովը:

«Շատ ուրախ եմ, որ համալրում եմ Հայաստանի հավաքականը: Իմ տեղափոխության մասին առաջին զրույցները տեղի են ունեցել 2019 թվականի հոկտեմբերին Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ:

Մենք վաղուց ենք ընկերություն անում Արայիկի հետ, նա նաեւ շատ մտերիմ հարաբերությունների մեջ է իմ անձնական մարզիչի հետ: Մենք գիտեինք, որ նրանք փնտրում են 97 կգ քաշային կարգում ըմբիշ, այս քաշում հանդես եկող Գեորգի Կետոեւին փոխարինող, քանի որ նա քաշի խնդիր ուներ եւ արդեն հեռացել էր ըմբշամարտից:

Հաջող զուգադիպությամբ ես նույնպես փնտրում էի համապատասխան երկիր, քանի որ դեռ ցանկություն ունեմ փորձել ուժերս մրցագորգում, բացի այդ առջեւում Օլիմպիական խաղերն են:

Ես հանդես եմ եկել Ռուսաստանի դրոշի ներքո, ունեցել եմ հաղթանակներ, բազմաթիվ մեդալներ, այդ թվում եւ ոսկե: Այս շրջանում Ռուսաստանի հավաքականում իմ քաշում կա մեծ մրցակցություն, բացի այդ Ռուսաստանի օլիմպիական հավաքականի մասնակցությունը Տոկիո-2020-ին հարցականի տակ է դոպինգ սկանդալի պատճառով:

Ես կարող էի մնալ իմ հավաքականում, պայքարել ուղեգրի համար, բայց ինձ պետք էր վստահ լինել, որ թիմը կմասնակցի: Այս հնարավորությունն ընձեռվեց, մենք կապ հաստատեցինք Արայիկ Բաղդադյանի հետ եւ եկանք փոխհամաձայնության:

Հանձնեցի փաստաթղթերս եւ հենց երեկ՝ փետրվարի 6-ին ստացա Հայաստանի անձնագիր: Արդեն սկսվել է մարզումային եւ նախապատրաստական փուլը: Քանի որ շատ երկար ժամանակ բացակայել եմ գորգից, բաց կթողնեմ Եվրոպայի առաջնությունը:

2 շաբաթից Խարկովում կմասնակցեմ միջազգային մրցաշարի եւ դրանից հետո կպատրաստվեմ մարտին Բուդապեշտում անցկացվելիք վարկանիշային մրցաշարին: Հայաստանի հավաքականի կազմում իմ առաջին պաշտոնական մրցելույթը կլինի Բուդապեշտում:

Ես գիտեմ, որ Հայաստանին անհրաժեշտ է օլիմպիական ուղեգիր: Հնարավոր ամեն ինչ կանեմ, որ ուղեգիր ձեռք բերեմ եւ մեդալներ, այդ թվում օլիմպիական մեդալ նվաճեմ Հայաստանի համար:

Ինձ թիմում շատ լավ են ընդունել, շատ ջերմ մթնոլորտ է: Ճանաչում եմ Հաբեթնակ Կուրղինյանին, Էդգար Ենոքյանին: Ի դեպ, Էդգարի հետ մենք բազմիցս հանդիպել ենք մրցագորգում որպես մրցակիցներ»,- ասաց Հաջիմուրադ Գացալովը:

37-ամյա ըմբիշը մրցագորգից բացակայում է 2016 թվականից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում