15:17  ,  7 փետրվարի, 2020

ՀԸՖ․ Հաջիմուրադ Գացալովը գումար չի ստացել Հայաստանը ներկայացնելու համար (ֆոտո)

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրեց 2004թ․ Աթենքի օլիմպիական չեմպիոն, աշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն, 37-ամյա Հաջիմուրադ Գացալովին,  փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Ռուսաստանի հավաքականի նախկին անդամն այսուհետեւ կներկայացնի Հայաստանը 97 կգ քաշային կարգում:

«Երկար բանակցություններից հետո, Հայաստանի Կառավարության համաձայնությամբ Հաջիմուրադ Գացալովը փոխեց մարզական քաղաքացիությունը: Շնորհակալություն երկրի վարչապետին Գացալովին հայկական անձնագիր տալու համար:

Ֆեդերացիան որեւէ գումար չի վճարել Գացալովի տեղափոխության համար: Կա պետական մուծում 10 հազար ֆրանկին համարժեք դրամ, որից 5 հազարը Միջազգային ֆեդերացիային է վճարվել, 5 հազարը՝ Ռուսաստանի ֆեդերացիային:

Օլիմպիական չեմպիոնն անձամբ որեւէ գումար, ոչ մի լումա չի պահանջել եւ չի ստացել մեր դրոշի տակ հանդես գալու համար»,- ասաց ՀԸՖ գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:

ՀԸՖ նախագահ Ռոբերտ Խաչատրյանը Հաջիմուրադ Գացալովին հանձնեց Հայաստանի հավաքականի մարզահագուստը: Գացալովի առաջին պաշտոնական մեկնարկը Հայաստանի հավաքականում կլինի մարտի 19-22-ը Բուդապեշտում անցկացվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում