21:00  ,  4 փետրվարի, 2020

Վիգեն Խաչատրյան. Ծանրորդներն արդարացրեցին մեր սպասելիքները. ԵԱ-ին կմոտենանք լիարժեք մարզավիճակում

Ծանրորդները լավ մասնակցություն ունեցան: Այն սպասելիքներն ինչ ունեինք, տղաներն արդարացրին: Եվրոպայի առաջնությանը կմոտենանք լիարժեք մարզավիճակում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Իրանից ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը:

Իրանի Ռաշտ քաղաքում ավարտված ծանրամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականը նվաճեց երկու արծաթե մեդալ եւ 5 փոքր մեդալ:

+109 կգ քաշայինների պայքարում աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը արծաթե մեդալ է նվաճել երկամարտի 410 կգ արդյունքով: Պոկում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրել է 180 կգ, հրել՝ 230 կգ:

Արծաթե մեդալներ նվաճեցին Սիմոն Մարտիրոսյանն ու Հակոբ Մկրտչյանը, Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, Ռուբեն Ալեքսանյանը վատառողջ լինելու պատճառով մրցաշարին չմասնակցեց:

«Սիմոն Մարտիրոսյանը Իրանի մրցաշարում արծաթե մեդալ նվաճեց: Պոկեց 180 կգ, հրեց 230 կգ եւ երկրամարտի 410 կգ արդյունքով փոխչեմպիոն հռչակվեց: Սիմոն Մարտիրոսյանը պայքարում էր գերծանր քաշային կարգում: Այս նույն քաշում պետք է մասնակցեր նաեւ Ռուբեն Ալեքսանյանը, բայց վատառողջ լինելու պատճառով մրցահարթակ դուրս չեկավ: Ռուբենը, սակայն, ապահովեց իր մասնակցությունը, դոպինգ թեստ հանձնեց, ինչը հաստատում է նրա մասնակցությունը վարկանիշային մրցաշարում»,- ասաց Վիգեն Խաչատրյանը:

Մարզիչը ծանրորդների մասնակցությունը դրական գնահատեց: «Ընդհանուր առմամբ գոհ ենք մասնակցությունից: Անդրանիկ Կարապետյանը լավ հանդես եկավ: Ուսի վնասվածքը շուտով վերջնական կանցնի եւ վստահ եմ, որ Եվրոպայի առաջնությունում լավ արդյունք ցույց կտա: Հակոբ Մկրտչյանը աստիճանաբար ձեռք է բերում լավ մարզավիճակ այս քաշային կարգում: Նա նույնպես նորմալ հանդես եկավ: Ռուբեն Ալեքսանյանը ցավոք վատառողջ էր, բաց թողեց այս մրցաշարը, բայց կապաքինվի եւ կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը: Սիմոն Մարտիրոսյանն էլ մինչեւ Եվրոպա լիարժեք մարզավիճակ կհավաքի իր քաշային կարգում: Ինչ ակնկալիքներ ունեինք, տղաներն արդարացրին: Կարեւորը վարկանիշային միավորներ վաստակեցինք»,- ամփոփեց Վիգեն Խաչատրյանը:

Հայաստանի հավաքականի կազմում փետրվարի 3-ին International Fajr Cup-ում արծաթե մեդալ էր նվաճել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգում, 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 81 կգ քաշայինների պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ էր նվաճել:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականն ավարտեց պայքարը վարկանիշային մրցաշարում: Թիմը կնախապատրաստվի ապրիլի 4-12-ը Մոսկվայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը, որը նույնպես վարկանիշային միավորներ է տալիս Տոկիո-2020-ի համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում