13:43  +04,  4 փետրվարի, 2020

Լեւոն Արոնյան․ Կփորձենք Օլիմպիադայում պայքարել լավագույն եռյակում լինելու համար եւ վերջում հաղթել

Կփորձենք համաշխարհային օլիմպիադայում պայքարել լավագույն եռյակում լինելու համար եւ վերջում հաղթել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր, Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխահի գավաթակիր Լեւոն Արոյանը:

Օգոստոսի 5-17-ը Մոսկվայում տեղի կունենա 44-րդ Համաշխարհային օլիմպիադան:

Հունվարին տեղի ունեցած շախմատի Հայաստանի առաջնությունում չեմպիոն դարձած Սամվել Տեր-Սահակյանը համալրեց ազգային հավաքականը եւ Լեւոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի, Հրանտ Մելքումյանի հետ կնախապատրաստվի Համաշխարհային Օլիմպիադային: Ի դեպ, Լեւոն Արոնյանն արդեն աշխատել է Սամվել Տեր-Սահակյանի հետ 2016 թվականի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի նախապատրաստական փուլում:

Լեւոն, այս տարի տեղի կունենա  Համաշխարհային օլիմպիադան է: Ի՞նչ փուլերով եք պատրաստվելու:

Երկու հավաք ենք անցկացնելու թիմով: Լավ թիմ ունենք, երիտասարդ է: Ես ուրախ եմ, որ Հայաստանի առաջնությունում հաղթեց Սամվել Տեր-Սահակյանը եւ համալրեց հավաքականը: Նա մեր տաղանդավոր շախմատիստներից է, որը գուցե դեռ չի ցույց տվել իր իրական ուժը: Կարծում եմ՝ պայքարող թիմ ունենք, որը միշտ ունեցել ենք: Հիմա ինձ դուր է գալիս՝ ուր ենք շարժվում: 

Ի՞նչ սպասենք Հայաստանի հավաքականից:

Պետք է պայքարենք եռյակի համար: Ես միշտ ուզում եմ ասել՝ պետք է հաղթենք, բայց դժվար է ստացվում: Փորձենք եռյակի համար պայքարել եւ վերջում հաղթել:

Մինչեւ Օլիմպիադան ի՞նչ մրցաշարերի եք մասնակցելու:

Ապրիլին Գերմանիայում կմասնակցեմ Grenke Chess Classic մրցաշարին: Այժմ նախապատրաստական փուլն է: Սա ավելի դժվար շրջան է, քան բուն մրցումները: Այդ  ժամանակ խաղում ես, էմոցիներ է, հաճույք ես ստանում, իսկ մարզվելն ավելի դժվար է:

Ես գիտեմ, որ ինձանից հաղթանակներ են սպասում: Ես պատրաստ եմ եւ պարտադրված եմ ինձ զգում: Ինձ շատ է դուր գալիս հաղթելը:

Նախորդ տարի մրցաշարերը շատ էին, շատ էի խաղում: Այս տարի մրցաշարերը քիչ են, ավելի կենտրոնացած եմ: Երբ գիտելիքներն ունես, պարապած ես, բայց ֆիզիկապես հոգնածությունը շատ է եւ հոգնած ես խաղում, մաքսիմալը չես կարողանում ցույց տալ: Իսկ ինձ համար դա շատ կարեւոր է. ես այն խաղացողներից եմ, որ միշտ ուզում եմ լավագույն խաղը ցույց տալ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով