16:04  ,  3 փետրվարի, 2020

Լեւոն Արոնյանը՝ միաժամանակյա խաղի սեանսի մասին․ Խաղի որակը բավական բարձր էր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում փետրվարի 3-ին մեկնարկեց «Դասախոսական գավաթ 2020» Հայաստանի միջբուհական խաղերի շախմատի մրցաշարը:

Մրցաշարի բացումն արեց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը միաժամանակյա սեանս անցկացրեց 7 բուհերից 9 դասախոսների հետ:

Սեանսն ավարտվեց Լեւոն Արոնյանի բացարձակ հաղթանակով, բայց գրոսմայստերը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ լավ խաղացողներ եւ պայքարողներ կային:

«Տարբեր վայրերում ունեցել եմ այսպիսի սեանսներ, բայց հարազատ ինստիտուտում չէի ունեցել: Հետաքրքիր անցավ: Նախորդ նմանատիպ սեանսիս մասնակցում էր 107 շախմատիստ: Դժվար էր, ավելի քան 107 խաղատախտակի վրա խաղալը։

Այս սեանսում 9 մրցակցի հետ խաղալը բավական հաճելի էր: Ասեմ, որ խաղի որակը բավական բարձր էր: 3 խաղացող կար, որ հավասար դիմադրում էին: 9-ից երեքը լավ արդյունք է»,-ասաց Լեւոն Արոնյանը:

«Դասախոսական գավաթ 2020» անցկացվում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով, Ֆիզկուլտուրայի եւ սպորտի ինստիտուտում շախմատի մրցաշարն անցկացնելու առաջարկը եղել է ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանինը:

«Շախմատն արդեն չորրորդ անգամ է անցկացվում միջբուհական խաղերի ծրագրում: Ֆիզկուլտուրայի ինստիտուտում անցկացնելու եւ Լեւոն Արոնյանին հրավիրելու առաջարկը եղել է ռեկտոր Դավիթ Խիթարյանինը: Շատ լավ ստացվեց, մասակիցների համար մեծ փորձ էր գրոսմայտերի հետ խաղալու հնարավորություն ունենալու համար»,- նշեց Հովհաննես Գաբրիելյանը:

Լեւոն Արոնյանը Ֆիզկուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի շրջանավարտ է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում