09:14  ,  31 հունվարի, 2020

Սլավիկ Հայրապետյան․ Բոլոր մրցաշարերում մեզ «նեղում» են մեր մրցավարի բացակայության պատճառով

Բոլոր մրցաշարերում մեզ «նեղում» են մեր մրցավարի բացակայության պատճառով: Մրցավարներին չես կարող հաղթել, ուղղակի թույլ չեն տա՝ հատկապես մեզ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը:

Ավստրիայի Գրաց քաղաքում հունվարի 22-25-ը տեղի ունեցած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց մենասահքի Հայաստանի միակ ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը, չնայած տպավորիչ ելույթների,  26 երկրի 35 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 18-րդ տեղում:

Հայրապետյանը կարճ ծրագրում 66,89 միավորով զբաղեցրել էր 20-րդ տեղը եւ եզրափակիչի ուղեգիր նվաճել: Ազատ ծրագրում գեղասահորդը վաստակել էր 127,72 միավոր եւ ընդհանուր հաշվարկում զբաղեցրել 18-րդ տեղը:

NEWS.am Sport-ի հետ զրույցում երիտասարդ գեղասահորդն ամփոփել է Եվրոպայի առաջնությունը, խոսել միջազգային մրցաշարերում մրցավարներ ունենալու կարեւորության մասին եւ իր ելույթները ցածր գնահատելու խնդիրների մասին:

Սլավիկ, ինչպե՞ս կգնահատես ելույթդ Եվրոպայի առաջնությունում: Գո՞հ ես քո մասնակցությունից:

Մասնակցությունս Եվրոպայի առաջնությունում կգնահատեմ լավ, որովհետեւ կարողացա իմ 100 տոկոս պատրաստվածությունից 80 տոկոսը ցույց տալ: Այսքանն էլ է ինձ բավարարում:

35 մասնակիցների մեջ գրավեցիր 18-րդ տեղը, չնայած տպավորիչ ելույթներիդ: Ըստ քեզ՝ ի՞նչը չբավարարեց մրցավարներին:

Մրցավարներն, իրականում, շատ խիստ էին իմ հանդեպ: Կարճ ծրագրում այնպիսի սխալներ գտան, որոնք չկային: Լավ կատարված վարժությունները գնահատում էին բացասական: Ազատ ծրագրում քիչ գնահատեցին ինչպես տեխնիկան, այնպես էլ կոմպոնենտները:

Առաջնությունում շատի նքնավստահ էիր, ելույթներդ գերազանց: Նոր մարզումային ծրագրով ես աշխատո՞ւմ:

Մրցաշրջանի սկզբում ունեցել եմ երկու մրցաշար՝ Ռիգայում եւ Տալինում: Դրանցից հետո ուսումնասիրեցինք եւ հասկացանք իմ թույլ կողմերը եւ սկսեցինք պատրաստվել՝ աշխատելով հենց դրանց վրա: Սկսեցինք շեշտը դնել պատրաստվածության այն մակարդակի վրա, որ ես կարողանամ դուրս գալ ելույթների՝ առանց 6 րոպե նախավարժանք անելու: Այսինքն՝ կենտրոնանամ բուն մրցելույթներիս վրա:

Ըստ քեզ՝ ի՞նչն է մեզ պակասում մրցանակային տեղերում հայտնվելու համար: Որքանո՞վ է կարեւոր մրցավարական կազմում ներկայցուցիչ ունենալը:

Շատ կարեւոր է: Մրցավարական կազմում ներկայացուցիչ ունենալը անհրաժեշտ է, որովհետեւ բոլոր մրցաշարերում մեզ «նեղում» են մրցավար չունենալու պատճառով: Հույս ունեմ, որ շուտով դա կփոխվի եւ մենք կունենանք մրցավարներ միջազգային ու խոշոր մրցաշարերում:

Ինչպե՞ս կարելի է սառույցի վրա հաղթել նաեւ մրցավարներին:

Մրցավարների որոշումները փոփոխության ենթակա չեն, հատկապես, երբ մրցավարական կազմը համախմբված է: Նույնիսկ ծրագիրդ իդեալական կատարելու դեպքում, եթե մրցավարներն ուզեն, սխալ կգտնեն եւ ցած միավոր կնշանակեն: Մրցավարները լավ կատարած ցատկը, որը կգնահատվի +3, մինչեւ +5, կարող են 0 գնահատել: Որքան էլ ուզես լավ սահել, ուղղակի թույլ չեն տա, մասնավորապես, մեզ:

Առջեւում աշխարհի առաջնությունն է: Ի՞նչ փուլերով ես նախպատրատվելու:

Ծրագրերում կար Եվրոպայի առաջնությունից հետո մասնակցել Տալինի մրցաշարին, որը տեղի է ունենալու փետրվարին, բայց ծրագրերս խանգարեցին առողջական խնդիրներս: Այժմ վատառողջ եմ, արդեն մի քանի օր է ջերմում եմ եւ չգիտեմ՝ երբ ոտքի կկանգնեմ եւ կվերսկսեմ մարզումներս: Թերեւս չեմ հասցնի պատրաստվել մրցաշարին, որովհետեւ Եվրոպայի առաջնությունից հետո երկար ընդմիջում եղավ՝ մեկ շաբաթ առանց մարզումների: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ