10:11  +04,  30 հունվարի, 2020

Ֆերդինանդ Կարապետյան․ Մոտենում եմ օլիմպիական ուղեգիր նվաճելուն

Մոտենում եմ օլիմպիական ուղեգիր նվաճելուն, եւս մի քանի վարկանիշային մրցաշարի մասնակցելուց հետո կլրացնեմ միավորներս:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը:

Թել Ավիվում փետրվարի 23-24-ը տեղի ունեղած Գրան պրի մրցաշարում Կարապետյանը նվաճեց արծաթե մեդալ՝ վնասվածքի պատճառով բաց թողնելով 73 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտը:

Կիսաեզրափակիչում հայ ձյուդոիստը կոտրել էր ձախ ձեռքի ցուցամատը եւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը թույլ չէր տվել դուրս գալ եզրափակիչ:

Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանի մրցակիցը լինելու էր Ռիոյի օլիմպիական չեմպիոն, իտալացի Ֆաբիո Բասիլեն, որին էլ շնորհվեց հաղթողի կոչումը:

«Շատ գոհ եմ Թել Ավիվի մրցաշարում իմ մասնակցությունից: Հաղթեցի շատ ուժեղ մրցակիցների: Բոլոր 5 գոտեմարտերում մաքուր հաղթանակներ տարա: Ափսոսում եմ միայն եզրափակիչի համար, որը ստիպված բաց թողեցի: Կարող էի հաղթել նաեւ օլիմպիական չեմպիոնին. մեկ անգամ չէ, որ հաղթել եմ նրան:

Ընդհանուր որոշում կայացվեց, որ այսպես ուղղակի չի կարելի գոտեմարտել: Ես շատ էի ուզում դուրս գալ պայքարի, բայց հիմա եմ հասկանում, որ ճիշտ վարվեցինք, որովետեւ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել»,- ասաց Ֆերդինանդ Կարապետյանը:

Եվրոպայի չեմպիոնը Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեցող Հայաստաւնի միակ ձյուդոիստն է: Ըստ Ֆերդինանդի, ուղեգրի համար անհրաժեշտ միավորները լրացնելուն շատ մոտ է, բայց ստիպված է առաջիկա վարկանիշային մրցաշարը բաց թողնել:

«Թել Ավիվում վաստակեցի 500 միավոր: Սա մեծ արդյունք է, այս պահին ունեմ բավական շատ միավորներ: Քիչ է մնացել լրացնեմ: Դեռ մի քանի վարկանիշային մրցաշարեր են անցկացվելու: Ժամանակ կա, միավորներս կլրացնեմ, եթե ամեն ինչ հաջող դասավորվի: Ստիպված բաց կթողնեմ փետրվարի 8-9-ը Փարիզում անցկացվելիք Գրան պրի մրցաշարը, քանի որ այս ընթացքում դեռ պետք է ապաքինվեմ:

Երեւան վերադառնալուն պես այցելեցի բժշկի: Կոտրվածքս լուրջ է, գիպս դրեցին: Հուսամ, շուտ կապաքինվեմ եւ կհասցնեմ լրացնել պակաս միավորներս եւ մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին»,- պատմեց Ֆերդինանդ Կարապետյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ