11:40  ,  29 հունվարի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատները հարձակվել են ակումբի փոխնախագահի տան վրա

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատների խմբավորումներից մեկը հունվարի 29-ի գիշերը հարձակվել է ակումբի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Էդ Վուդվորդի տան վրա՝ նետելով ծխագլաններ եւ ֆայերներ, հաղորդում է Sky Sports-ը։ Ինտերնետում հրապարակած տեսանյութը ուղեկցվել է «Վուդվորդը պետք է մահանա» գրառումով։

Ակումբում հաստատել են տեղի ունեցածը, ոստիկանությունը սկսել է հետաքննություն։

«Մեղավորները ցմահ կզրկվեն ակումբի մաս լինելու հնարավորությունից եւ կարող են ենթարկվել դատական հետապնդման։ Ֆանատները կարող են ունենալ իրենց կարծիքը, սակայն քրեական հանցագործությունը դրա հետ կապ չունի։ Այս արարքը չունի որեւէ արդարացում»,- նշվում է ակումբի հայտարարությունում։

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի հանդիպման ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատները նույնպես սպառնալիքներ էին հնչեցրել Վուդվորդի հասցեին։ Այդ խաղում նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը 6։0 հաշվով հաղթել էր «Տրանմիրին»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում