15:33  ,  28 հունվարի, 2020

Տիբո Կուրտուա․ Կասիլյասի խաղաշապիկը նվեր ստանալու օրից երազում էի հայտնվել «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան պատմել է, թե ինչպես է դարձել Արքայական ակումբի երկրպագու։

«Երբ երեխա էի, սկսեցի հետեւել Իկեր Կասիլյասի խաղին եւ դիտել «Ռեալի» հանդիպումները։ Մայրս ֆիզիոթերապեւտ էր, եւ նրա այցելուներից մեկը մշտապես մեկնում էր «Ռեալի» խաղերին, մի անգամ էլ նա ինձ նվիրեց Կասիլյասի խաղաշապիկն ու նրա անունով դրոշ։ Այդ օրվանից միշտ եղել եմ «Ռեալի» հետ եւ երազել եմ մի օր հայտնվել այս ակումբում։

«Ռեալում» իմ շնորհանդեսի օրն անմոռանալի էր։ Հրաշալի էր լինել ընտանիքիս եւ ընկերներիս հետ այդ հիշարժան օրը։ Դու դառնում ես երջանիկ, երբ իրականանում է երազանքդ»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է մադրիդյան ակումբի կայքը։

27-ամյա ֆուտբոլիստը 2018թ․ օգոստոսին է «Չելսիից» տեղափոխվել «Ռեալ»։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կուրտուան մասնակցել է 18 հանդիպման, բաց թողել 10 գոլ, 10 հանդիպումներում անառիկ պահել դարպասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում