18:12  ,  26 հունվարի, 2020

Գվարդիոլա․ «Լիվերպուլը» կդառնա Անգլիայի չեմպիոն, բայց կարող էր դառնալ նաեւ Իսպանիայի, Իտալիայի եւ Գերմանիայի չեմպիոն

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հիացմունքով է խոսել Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» մասին, որը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորությամբ ընթացիկ առաջնության 23 խաղում վաստակել է 67 միավոր։

«Մենք պետք է ընդունենք այս իրավիճակը եւ դասեր քաղենք։ «Լիվերպուլը» ֆենոմենալ, ցնցող ակումբ է։ Ակնհայտ է, որ նրանք կդառնան Պրեմյեր լիգայի չեմպիոն, բայց «Լիվերպուլը» կարող էր դառնալ նաեւ Իսպանիայի, Իտալիայի եւ Գերմանիայի չեմպիոն։ Նրանք ամեն տեղ էլ չեմպիոն կլինեն՝ 23 խաղում 22 հաղթանակից հետո։

Ոչ վաղ անցյալում, երբ «Չելսին» դարձավ Անգլիայի չեմպիոն, հաջորդ մրցաշրջանում չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգա, իսկ երբ մենք դարձանք չեմպիոն, հաջորդ տարի կրկնեցինք այդ հաջողությունը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Պրեմյեր լիգայի 24 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 51 միավորով երկրորդ տեղում է եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Լիվերպուլից» հետ է 16 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում