14:20  ,  26 հունվարի, 2020

Ուշուի ֆեդերացիայի նախագահի ընտրություն․ Տիգրան Չոբանյանը ժողովը համարում է անօրինական (ֆոտո, live)

Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի ընդհանուր ժողովը, որի օրակարգում ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունն է, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Ֆեդերացիայի նախագահը մինչ այս Տիգրան Չոբանյանն էր: Նախագահի ընտրությունն անցկացվում է մեկ թեկնածուով՝ Ռուստամ Ալավերդյան:

Ժողովի մեկնարկից րոպեներ առաջ նիստերի դահլիճ մտավ Տիգրան Չոբանյանը եւ փորձեց խոչընդոտել անցկացվելիք ժողովը, նոր նախագահի ընտրությունը:

Տիգրան Չոբանյանը ֆեդերացիայի գործկոմի կողմից ստացել է մասնակցության հրավեր, ծանուցվել է տեղի ունեցող ժողովի եւ նախագահի ընտրության մասին, բայց հրաժարվեց գրանցվել եւ մասնակցել ժողովին: Նրան թույլ չտվեցին առանց գրանցվելու նիստերի դահլիճ մուտք գործել:

«Այս ժողովն անօրինական է, անցնում է ֆեդերացիայի կանոնադրության կոպիտ խախտումներով, ես ունեմ իրավական փաստաթուղթը, որ այս ամենն անօրինական է, եւ դուք որեւէ իրավունք չունենք այն անցկացնելու, նախագահ ընտրելու: Եթե այս ժողովը կայանա, ես իմ ձեռքի տակ եղած փաստաթուղթը կհանձնեմ իրավապահ մարմիններին, որպեսզի իրավական հիմքով լուծում ստանա այս հանցագործությունը»,- հայտարարեց Տիգրան Չոբանյանը:

Ֆեդերացիայի գործկոմի անդամները Տիգրան Չոբանյանին դուրս հրավիրեցին:

Ժողովն ընթանում է, մասնակցում է գործկոմի 44 անդամներից 27-ը: Քանի որ մասնակիցների քանակը ապահովում է ձայների 50 տոկոսից ավելին, քվորումը համարվեց ապահոված: Նախագահի ընտրությունն մասնակիցների ձայների մեծամասնությամբ ընթանում է փակ քվեարկությամբ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում