22:43  ,  25 հունվարի, 2020

Միխալ Բիլեկ․ Տիգրան Բարսեղյանը շատ ուժեղ ֆուտբոլիստ է

Ղազախստանի չեմպիոն «Աստանայի» չեխ գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը մեկնաբանել է իր ղեկավարած թիմի հաղթանակը անգլիական «Բրենթֆորդի» երիտասարդական թիմի նկատմամբ։ Պորտուգալիայում տեղի ունեցած ստուգողական խաղում «Աստանան» հաղթել է 4։2 հաշվով։

Ղազախական թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին եւ խփել է առաջին գոլը նոր թիմում։

«Ես գոհ եմ արդյունքից։ Սա մեր առաջին խաղն էր սկսվող մրցաշրջանում։ Ես ցանկանում եմ, որ ֆուտբոլիստները կարողանան խաղալ մի քանի մարտավարական սխեմաներով։ Այսօր խաղացինք երեք կենտրոնական պաշտպաններով, բայց դա չի նշանակում, որ միշտ այդպես կլինի։

Տիգրան Բարսեղյանը խփեց հրաշալի գոլ, նա շատ ուժեղ ֆուտբոլիստ է, որը կարող է ուժեղացնել թիմի հարձակողական գործողությունները։ Նա ցուցադրեց դա խաղադաշտում։ Բայց այսօր ես ցանկանում էի տեսնել նրա խաղը սեփական դարպասը պաշտպանելիս»,- Բիլեկի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բիլեկը համատեղությամբ նաեւ Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Տիգրան Բարսեղյանը ներկայացնում էր «Կայսարը», որի հետ դարձավ Ղազախստանի գավաթակիր։ «Աստանան» նախորդ 6 տարիներին անընդմեջ դարձել է Ղազախստանի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում