19:46  ,  23 հունվարի, 2020

Շախմատի Հայաստանի չեմպիոնների պարգեւատրությունը (ֆոտո)

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցան շախմատի Հայաստանի տղամարդկանց 80-րդ եւ կանանց 75-րդ առաջնության հաղթողների պարգեւատրման արարողությունը:

Տղամարդկանց Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, փոխչեմպիոն դարձել է Հայկ Մարտիրոսյան, բրոնզե մեդալակիր՝ Ռոբերտ Հովհաննիսյան: Կանանց պայքարում արդեն 4-րդ անգամ Հայաստանի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը, արծաթե մեդալակիր՝ Սուսաննա Գաբոյանը, բրոնզե մեդալակիր՝ Մարիա Կուրսովան:

Հունվարի 22-23-ը տեղի ունեցավ նաեւ Աշոտ Անաստասյանի անվան արագ շախմատի Հայաստանի առաջնությունը, որի հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Չեմպիոններին եւ մեդալակիրներին պարգեւատրեց ՀՇՖ փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Չեմպիոններն ու մեդալակիրները ստացան նաեւ դրամական պարգեւներ. Սամվել Տեր-Սահակյանը՝ 2 միլիոն դրամ, Մարիա Գեւորգյանը՝ 500 հազար դրամ, արագ շախմատի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը՝ 300 հազար դրամ:

ՀՇՖ փոխնախագահ Սմբատ Լպուտյանի խոսքով, Հայաստանի առաջնությունը անցավ հետաքրքիր եւ թեժ պայքարում:

«Սամվել Տեր-Սահակյանը արժանի հաղթանակ տարավ առաջնությունում եւ ընդգրկվեց ազգային հավաքական: Վստահ եմ, որ նա շատ օգտակար կլինի թիմին օլիմպիադայի տարում: Մարիա Գեւորգյանն արդեն որերրորդ անգամ դառում է Հայաստանի չեմպիոն՝ հաստատելվ իր՝ Հայաստանի ուժեղագույներից մեկը լինելը: Հավաքականի պահեստային 5-րդ խաղացողներին կընտրենք առաջիկա մրցաշարերի արդյունքերով: Դա ֆեդերացիայի ներքին որոշումն է լինելու: Կան մի քանի շախմատիստներ, որոնք հավակնում են այդ տեղերին: Մինչեւ հունիս պարզ կլինեն նրանց անունները: Ամեն ինչ հաշվի է առնվելու այդ թվում Հայաստանի առաջնության արդյունքները»,- ասաց Սմբատ Լպուտյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում