14:48  ,  23 հունվարի, 2020

Պաուլու Ֆոնսեկա․ «Յուվենտուսն» արդյունավետ օգտագործեց հակագրոհները

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Թուրինի «Յուվենտուսից» կրած 1։3 հաշվով պարտությունը Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում։ «Ռոման» լքեց պայքարը։

«Մրցակիցն արդյունավետ օգտագործեց հակագրոհները, իսկ Կրիշտիանու Ռոնալդուի նման կատարողներն այդպիսի իրավիճակներում անվրեպ օգտագործում են իրենց շանսը։ Նաեւ նկատեցի, որ Գոնսալո Իգուաինը հաճախ էր թիմակիցներին օգնում պաշտպանությունում։

«Ռոմայի» երեք հարձակվողներն էլ պետք է աշխատեն պաշտպանությունում, հատկապես, առաջին խաղակեսում։ Ջասթին Կլույվերտը, Ջենգիզ Ունդերն ու Նիկոլա Կալինիչը պետք է օգնեն պաշտպաններին։

Բոլորս գիտենք, թե ինչքան կարեւոր է թիմի համար Էդին Ջեկոն։ Նրա որակազրկումը լուրջ հարված էր մեր թիմի համար։

Դիավարայի վնասվածքն անհանգստացնում է, քանի որ հիմա քիչ տարբերակներ ունենք կազմի հետ կապված։ Հույս ունեմ, որ նա կկարողանա մասնակցել «Լացիոյի» դեմ խաղին»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է Rai Sport-ը։

«Ռոման» «Լացիոյին» կընդունի հունվարի 26-ին Իտալիայի առաջնության 21-րդ տուրում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում