13:47  +04,  23 հունվարի, 2020

Հայաստանի նորընծա չեմպիոն Սամվել Տեր-Սահակյան․ Հուսով եմ՝ կկարողանամ օգտակար լինել հավաքականին

Իմ շախմատային կարիերայում մեծ դեր է ունեցել Լեւոն Արոնյանը: Շատ հաճելի կլինի խաղալ այսպիսի շախմատիստի կողքին ազգային հավաքականի կազմում: Հուսով եմ՝ կկարողանամ օգտակար լինել թիմին իմ խաղով եւ գիտելիքներով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի Հայաստանի նորընծա չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը:

26-ամյա վանաձորցի Սամվել Տեր-Սահակյանը հայկական շախմատի պատմության մեջ ամենակրտսեր տարիքում (14տ.) գրոսմայստերի կոչումը ստացած շախմատիստն է: Տարբեր տարիքային խմբերում աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն է (2011թ. Մ18 աշխարհ), (2009 թ. Մ18 Եվրոպա), (2003 թ. Մ10 Եվրոպա) եւ մրցանակակիր (2010 թ. Մ18 աշխարհի փոխչեմպիոն), (2005  թ. Մ12 աշխարհի բրոնզե մեդալակիր), (2010 թ. Մ18 Եվրոպայի փոխչեմպիոն), (2008 թ. Մ16 Եվրոպայի փոպչեմպիոն), (2004 թ. Մ12 Եվրոպայի փոխչեմպիոն):

Բազմաթիվ փորձերից հետո տղամարդկանց Հայաստանի 80-րդ առաջնությունում Սամվել Տեր-Սահակյանին հաջողվեց նվաճել չեմպիոնի կոչումը՝ 9 հնարավորից վատակելով 6 միավոր:

Սամվել, շնորհավորում եմ առաջին անգամ Հայաստանի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ: Ինչպե՞ս հաջողվեց շրջանցել բոլորին:

Սա իմ առաջին չեմպիոնությունն է, ինչի համար շատ ուրախ եմ։ 2007 թվականից մասնակցում եմ Հայաստանի առաջնություններին: Բաց եմ թողել միայն 2009 թվականը: Ստացվում է, որ 13 անգամ մասնակցելուց հետո ինձ հաջողվեց նվաճել այդ տիտղոսը: Բայց ունեցել եմ հաջողություններ՝ մեկ անգամ գրավել եմ երկրորդ, երկու անգամ՝ երրորդ տեղերը: Այս առաջնությունում առաջին անգամ վարկանիշով երկրորդ համարն էի:

Ինչպե՞ս կգնահատեք Ձեր խաղը այս առաջնությունում:

Յուրաքանչյուր տարի Հայաստանի առաջնությունները թեժ պայքարում են անցնում, քանի որ առաջին տեղ գրաված շախմատիստը ազգային հավաքականում հանդես գալու հնարավորություն է նվաճում: Սպասվում էր, որ այս տարի մրցակցությունը կրկնակի է լինելու, քանի որ օլիմպիական տարի է:

Մրցաշարն ինձ համար հաջող սկսվեց, քանի որ մեկնարկային պարտիայում կարողացա հաղթել Զավեն Անդրիասյանին, որի հետ արդեն երկար տարիներ խաղում եմ Հայաստանի առաջնություններում եւ տարբեր այլ մրցաշարերում։ Ի դեպ, լուրջ շախմատում ոչ մի անգամ ինձ չէր հաջողվել հաղթել նրան:

Երկրորդ պարտիայում սեւերով ոչ ոքի խաղացի Հովհաննես Գաբուզյանի հետ: Նա մրցաշարը շատ անհաջող անկացրեց, չնայած երկրորդ պարտիրայում դա չէր զգացվում: Երրորդ պարտիան կարեւոր դեր ունեցավ իմ հաղթանակում: Խաղում էի 2019 թվականի չեմպիոն Արման Փաշիկյանի հետ, որն ուներ 2 հնարավորից 2 միավոր: Ես 1,5 միավոր ունեի: Շատ կարեւոր պարտիա էր, կարողացա հաղթել ու շրջանցել նրան: Այս պարտիայից հետո Արման Փաշիկյանը մի փոքր թուլացրեց իր դիրքերը, պարտվեց հաջորդ խաղում՝ Ռոբերտ Հոհվաննիսյանին: Ես վստահ եմ, որ եթե մեր խաղն ավարտվեր ոչ-ոքի, Փաշիկյանը կշարունակեր պայքարել շատ ավելի բարձր տեղերի համար:

Զգացողություններն ինչպիսի՞ն են չեմպիոն հռչակվելուց հետո:

Ամեն տարի նպատակս հենց Հայաստանի չեմպիոն դառնալն է եղել, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում: Տպավորությունները, ոգեւորությունը շատ մեծ է: Շատ ուրախ եմ, մյուս կողմից էլ հասկանում եմ, որ սա մեծ պատասխանատվություն է: Իմ չեմպիոնությունը սենսացիա չէր: Տեսնելով նախորդ տարիներին իմ ընկերների չեմպիոնությունները, տարվա ընթացքում իմ ցույց տված ոչ վատ արդյունքները, ոչ մի խնդիր չկար Հայաստանի չեմպիոն դառնալու համար: Մտածում էի, որ դա չի լինի սենսացիա, քանի որ չեմպիոն դարձած իմ ընկերներին իմ արդյունքներով չեմ զիջել: Սա լիարժեք հաղթանակ էր իմ ուժերի սահմաններում:

Համաշխարհային օլիմպիադայի տարի է: Պատրաստե՞ք մրցապայքարին Հայաստանի հավաքականում:

Իհարկե: Շատ հաճելի կլինի խաղալ Լեւոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի նման շախմատիստների կողքին ազգային հավաքականի կազմում: Հուսով եմ՝ հնարավորինս կկարողանամ օգտակար լինել թիմին իմ խաղով եւ գիտելիքներով: Տեսնենք, թե ինչպես կդասավորվի մեր թիմի համար օլիմպիադան: Հասկանալի է, որ օլիմպիադայում խաղում են ուժեղագույն թիմեր: Կփորձենք ամեն ինչ անել հաջող հանդես գալու համար:

Սամվել, Դուք մեծ շախմատային պատմություն ունեք: Ինչպե՞ս է սկսվել այն:

Շախմատով սկսել եմ զբաղվել 5 տարեկանից: Առաջին շախմատային քայլերս արել եմ Վանաձորում մարզիչ Տիգյրան Գյոզալյանի մոտ: Ապա Սմբատ Լպուտյանի առաջարկով սկսեցի աշխատել Էդուարդ Մնացականյանի հետ: Մի քանի տարի անց սկսեցի մարզվել Վլադիմիր Հակոբյանի մոտ, աշխատել եմ նաեւ Տիգրան Նալբանդյանի հետ:

Իմ շախմատային կարիերայում մեծ դեր է ունեցել Լեւոն Արոնյանը: 2016 թվականին հավակնորդների մրցաշարից առաջ Արոնյանն ինձ հրավիրեց իր օգնականների թիմ: Ինձ համար դա շատ մեծ փորձ էր, որը շատերի համար անհասանելի է: Գաբրիել Սարգսյանի հետ վերջերս հավաք ունեցա Ծաղկաձորում: Նա պատրաստվում էր արագ շախմատի եւ բլիցի աշխարհի առաջնություններին, իսկ ես՝ Իտալիայի մրցաշարին: Դա էլ շատ կարեւոր փուլ էր Հայաստանի չեմպիոն դառնալու նախապատրաստական շրջանում:

Ի դեպ, մի հետաքրքիր փաստ ասեմ. Հայաստանի առաջնություններում խաղացել եմ այնպիսի շախմատիստների հետ, որ չեք կարող պատկերացնել տարիքային տարբերությունը: Խաղացել եմ Կարեն Ասրյանի, Աշոտ Անաստասյանի, Արտաշես Մինասյանի, Սմբատ Լպուտյանի հետ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ