01:17  ,  20 հունվարի, 2020

Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ նվաճեց Ֆրանիսայի Նիցա քաղաքում ընթացող օլիմպիական չեմպիոն Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարում:

Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 3:1 հաշվով հաղթեց Արդբեջանի ներկայացուցիչ Օրխան Նուրիեւին: Եզրափակիչ գոտեմարտի առաջին մրցափուլը երկու ըմբիշները սկսեցին հավասար ակտիվութամբ: Մեկնարկից մեկ րոպե անց գորգի մրցավարը Արթուր Ալեքսանյանին պասիվություն տվեց եւ մեկ միավոր շնորհեց ադրբեջանցի ըմբիշին: Օրխան Նուրիեւը պարտերից աշխատելու հնարավորություն ստացավ, սակայն Արթուր Ալեքսանյանին գետնից պոկել չկարողացավ: Ըմբիշները հանգստի գնացին 1:0 հաշվով՝ ադրբեջանցու առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը նախ մեկ միավոր վաստակեց մրցակցի պասիվության համար, ապա երկու միավորանոց գլորում կատարեց պարտերից: Գոտեմարտն ավարտվեց 3:1 հաշվով՝ Արթուր Ալեքսանյանի հաղթանակով:

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից: Մեկնարկային գոտեմարտում 97 կգ քաշայինների պայքարում 10:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին: Քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով առավելության հասել Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայի նկատմամբ: Կիսաեզրափակչում 2:1 հաշվով առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ:

Սա Արթուր Ալեքսանյանի առաջին մրցելույթն է վնասվածքից հետո: Հիշեցնենք, որ Ղազախստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում օլիմպիական չեմպիոնը կողոսկրի վնասվածքի պատճառով հրաժարվեց եզրափակիչ գոտեմարտից:

77 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը նվաճեց արծաթե մեդալ՝ 2:5 հաշվով պարտվելով Ղազասխատնի ներկայացուցիչ Դեմեւ Ժադրաեւին: Եզրափակիչ գոտեմարտի մեկնարկից 15 վայրկյան անց Չալյանը նախ՝ մեկ միավոր վաստակեց, ապա՝ պարտերից շարունակելու հնարավորություն ստացավ: Գլորում կատարելիս Չալյանը հայտնվեց մրցակցի տակ՝ 1 միավոր տալով ղազախ ըմբիշին: Դեմեւ Ժադրաեւին հաջողվեց եւս մեկ երկու միավորանոց գլորում կատարել՝ հաշիվը դարձնելով 3:1: Երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն նշանակեց Չալյանին՝ եւս մեկ միավոր շնորհելով ղազախ ըմբիշին: Պարտերում, սակայն, Դեմեւ Ժադրաեւին չհաջողվեց պոկել Չալյանին: Գոտեմարտի ավարտին երկու ըմբիշներին հաջողվեց մեկական միավոր վաստակել՝ պայքարն ավարտելով 5:2՝ Դեմեւ Ժադրաեւի հաղթանակով:

Չալյանը պայքարը սկսել էր 1/16 երզափակիչից, որտեղ 5:1 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիան ներկայացնող հայազգի Էվրիկ Նիկողոսյանի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Գելա Բոլկվաձեի հետ: Կիսաեզրափակիչում 2:1 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սասունովկսիին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում