21:02  ,  19 հունվարի, 2020

Հայաստանի ըմբիշների արդյունքները Նիցայի մրցաշարում

Ֆրանսիայի Նիցա քաղաքում մեկնարկել է օլիմպիական չեմպիոն Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարը, որին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մասնակցում է ամբողջական կազմով՝ 10 ըմբիշով:

Էդուարդ Սահակյանի գլխավորած թիմից Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Ռուբեն Ղարիբյանը, Գեւորգ Ղարիբյանը փայլուն հաղթանակներ են տարել եւ դուրս եկել կիսաեզրափակիչ:

Մաքսիմ Մանուկյանը, Սլավիկ Գալտսյանը, Արթուր Շահինյանը, Դավիթ Օվասապյանն ու Ռուդիկ Մկրտչյանը չնայած պարտություններ են կրել, բայց դեռեւս շարունակում են պայքարը:

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից: Մեկնարկային գոտեմարտում 97 կգ քաշայինների պայքարում նա 10:1 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին: Քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով առավելության հասավ Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայի նկատմամբ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Սա Արթուր Ալեքսանյանի առաջին մրցելույթն է վնասվածքից հետո:  Հիշեցնենք, որ Ղազախստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում օլիմպիական չեմպիոնը կողոսկրի վնասվածքի պատճառով հրաժարվեց եզրափակիչ գոտեմարտից:

77 կգ քաշային Կարապետ Չալյանը մեկնարկում 5:1 հաշվով առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Էվրիկ Նիկողոսյանի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 4:1 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Գելա Բոլկվաձեի հետ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

60 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը 8:0 հաղթեց ֆրանսիացի Ռայմոնդ Լանգլեին: Գոտեմարտը տեւեց մեկ րոպե: Երիտասարդ ըմբիշը փայլուն հաղթանակ տարավ նաեւ քառորդ եզրափակիչում՝ 2 րոպեում 9:0 հաշվով առավելության հասնելով Ղազախստանի ներկայացուցիչ Երնար Ֆիդախմետովի նկատմամբ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը 1/16 եզրափակիչում 7:2 հաշվով հաղթեց Շվեցարիայի ներկայացուցիչ Մարկ Վեբերին, 1/8 եզրափակիչում առավելության հասաց Շվեդիայի ներկայացուցիչ Մանֆրեդ Էթսբերգի նկատմամբ եւ պայքարը կշարունակի կիսաեզրափակիչում:

72 կգ քաշային Մալխաս Ամոյանը մեկնարկում 3:1 հաշվով հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Կահարման Կիսիմետովին: Աշխարհի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշայինների որակավորման փուլում 3:3 հաշվով պարտվեց ղազախ Դանիար Կալենովին՝ մրցակցի վերջին միավորի առավելությամբ: Առաջին պարտությունից հետո սփոփիչ գոտեմարտում Գլաստյանը 3:1 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող հայազգի Գագիկ Սնջոյանին եւ շարունակում է պայքարը:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մեկնարկում պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Աբբասովին: Գոտեմարտի առաջին մրցափուլում Մանուկյանը նախ 1 միավոր վաստակեց, ապա պարտերից աշխատելու հնարավորություն ստացավ եւ եւս երկու միավոր ավելացրեց իր հաշվին: Ադրբեջաբնցի ըմբիշի մարտավկան բողոքարկեց մրցավարների որոշումը եւ Մաքսիմ Մանուկյանի վաստակ երկու միավորը հանվեց: Մանուկյանը պայքարը շարունակեց 1 միավորով եւ մինչեւ գոտեմարտի ավարտը այլեւս չկարողացավ միավոր վաստակել՝ պարտվելով 1:4 հաշվով:

Մեկնարկում պարտվեց նաեւ գերծանրքաշային Դավիթ Օվասապյանը: 1/6 եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Ղազախստանի ներկայացուցիչ Նուրմախան Տինալիեւի հետ եւ պարտվեց 2:2, քանի որ վերջին միավորի վաստակել էր ղազախ ըմբիշը: Օվասապյանը պարտվեց նաեւ սփոփիչ գոտեմարտում:

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը մեկնարկային գոտեմարտում 0:10 հաշվով պարտվեց ղազախ Ամանգալի Բեկբոլատովին: Առաջին սփոփիչ գոտեմարտը վրացի Զուրաբ Մաչարաշվիլիի հետ ավարտվեց հայ ըմբիշի հաղթանակով, քանի որ գոտեմարտի ավարտին վրացի ըմբիշը ոտքի վնասվածք ստացավ եւ տեխնիկական պարտություն կրեց 9:8 հաշվով հաղթելիս: Ռուդիկ Մկրտչյանը շարունակում է պայքարը:

97 կգ քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արթուր Շահինյանը մեկնարկային գոտեմարտում 5:7 հաշվով պարտվեց ղազախ Երուլան Իսկակովին: Առաջին սփոփիչ գոտեմարտում 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթեց վրացի Վալերիան Մուրվանիձեին:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւրոգյանը նշեց, որ Նիցայի մրցաշարում անցկացման կարգը փոփոխված է:

«Այնպես է արված, որ ըմբիշները շատ գոտեմարտեն: Մեկ պարտությունից հետո բոլոր քաշային կագերում հնարավորություն է տրվում եւս մեկ գոտեմարտ անցկացնել՝ անկախ նրանից, թե մեկնարկում մրցակիցդ որ եզրափակիչ է հասել: Այդպես մեր տղաներից մի քանիսը հնարավորություն ունեցան մեկնարկում պարտվելուց հետո սփոփիչ գոտեմարտերում հաղթել եւ մնալ պայքարում: Ծանր քաշերում նույնիսկ երեք պարտությունից հետո են միայն լքում պայքարը»,- Ֆրանսիայից ասաց Սամվել Գեւորգյանը:

Այսօր տեղի կունենան նաեւ կիսաեզրափակիչները: Հայ ըմբիշները դեռ շարունակում են մնալ պայքարի մեջ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս