10:08  ,  18 հունվարի, 2020

Մաքգրեգորը վերադառնում է. Մեծ ռևանշի ճանապարհին (տեսանյութ, ֆոտո)

2018 թվականի հոկտեմբերի 7-ին խառը մենամարտերի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը Լաս Վեգասում տեղի ունեցած մենամարտում ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին պարտվելուց անմիջապես հետո գրառում կատարեց Թվիթերի իր պաշտոնական էջում: «Ես կվերադառնամ»,- գրել էր Մաքգրեգորը: Արդեն վաղը՝ 2020 թվականի հունվարի 19-ին, Նուրմագոմեդովին պարտվելուց 15 ամիս անց, տեղի կունենա Քոնոր Մաքգրեգորի վերադարձը օկտագոն:

ՊԱՐՏՈւԹՅՈւՆ ՍԿԶԲՈւՆՔԱՅԻՆ ՄՐՑԱԿՑԻՑ

Քոնոր Մաքգրեգորն իր կարիերայում անցկացրել է 25 մենամարտ՝ կրելով 4 պարտություն: Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտն, անշուշտ, առանձնանում է Մաքգրեգորի մյուս բոլոր մենամարտերից: Մարզիկների մեջ լարվածությունն ու հեռահար բանավեճը սկսվել էր դեռ այն ժամանակից, երբ պաշտոնապես հաստատվեց նրանց մենամարտի անցկացման օրն ու ժամը: Լարված մթնոլորտում անցան ինչպես մենամարտին նախորդած մամուլի ասուլիսներն, այդպես էլ կշռման պաշտոնական արարողությունը: Լարվածությունն իր գագաթնակետին հասավ մենամարտի ավարտից անմիջապես հետո: Երբ մրցավարներն արձանագրեցին Մաքգրեգորի պարտությունը, Նուրմագոմեդովի աչքերի առաջ եկան մենամարտին նախորդած ասուլիսների ընթացքում Մաքգրեգորի և նրա թիմի անդամների խոսքերն ու վիրավորանքներն՝ ուղղված ռուսաստանցի մարզիկին և նրա ընտանիքին: Նուրմագոմեդովը դուրս եկավ օկգտագոնից և հարձակվեց Մաքգրեգորի ընկերոջ՝ Դիլոն Դենիսի վրա: Այդ պահին օկտագոն ներխուժեցին Նուրմագոմեդովի թիմակիցներն ու սկսեցին հարվածել գետնին տապալված Մաքգրեգորին: Այնուամենայնիվ, ներկաներին հաջողվեց հանգստացնել մարզիկների թիմերին, իսկ Նուրմագոմեդովը ոստիկանների ուղեկցությամբ հեռացավ դահլիճից:

Related image

Նուրմագոմեդովի արարքը շատերի կողմից որակվեց որպես մարզիկի կողմից ոչ պրոֆեսիոնալ պահվածք: Խոսվում էր նույնիսկ ռուսաստանցի մարզիկին չեմպիոնական գոտուց զրկելու և նրան երկարաժամկետ որակազրկման ենթարկելու մասին: Ինչևէ, Նուրմագոմեդովը տուգանվեց 250 հազար եվրոյով, սակայն այս միջադեպի վերաբերյալ քննարկումները շարունակվում են մինչև այսօր:

ՌԵՎԱՆՇ ԿԱՄ ՌԵՎԱ՞ՆՇ

Քոնոր Մաքգրեգոր - Խաբիբ Նուրմագոմեդով մենամարտից անմիջապես հետո իռլանդացի մարզիկը հայտարարեց, որ արդեն իսկ սկսում է պատրաստվել ռևանշ մենամարտին և այդ պահից սկսած իր գլխավոր նպատակը համարում է Խաբիբի հետ ռևանշը: 

Image result for nurmagomedov vs mcgregor

Մենամարտին հաջորդած ամիսների ընթացքում Մաքգրեգորը բազմիցս հրապարակավ հայտարարեց Նուրմագոմեդովի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու ցանկության մասին, սակայն ռուսաստանցի մարզիկի և նրա թիմակիցների կողմից հստակ պատասխան այդպես էլ չստացվեց: Նախ, Նուրմագոմեդովը հայտարարեց, որ պատրաստ է կրկին մենամարտել Քոնորի հետ և երկրորդ անգամ պարտության մատնել նրան, այնուհետև Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, հայտարարեց, որ Մաքգրեգորն արժանի չէ ռևանշի և նման մենամարտ երբևէ տեղի չի ունենա: Նուրմագոմեդով ավագի հայտարարությունից շատ չանցած արդեն Խաբիբը հայտարարեց, որ Մաքգրեգորը պետք է ապացուցի, որ արժանի է ռևանշի, իսկ իր հետ մենամարտելու համար իռլանդացի մարզիկը պետք է պարտության մատնի առնվազն 10 մրցակցի:

Քոնոր Մաքգրեգորը քաջ գիտակցում է, որ եթե հաջողության չհասնի առաջիկա մենամարտում, ապա պետք մի կողմ դնի Նուրմագոմեդովի հետ մենամարտելու և նրանից «վրեժ լուծելու» բոլոր մտքերը: Լսելով վերջին ամիսներին Մաքգրեգորի հարցազրույցներն ու հետևելով նրա մարզումների ընթացքին՝ կարող ենք վստահ լինել, որ 31-ամյա իռլանդացին շատ լավ է հասկանում Սերոնեի հետ մենամարտի կարևորությունը. Մաքգրեգորն ամբողջությամբ հրաժարվել է ալկոհոլից, սնվում է հատուկ սննդակարգով և մարզվում է օր ու գիշեր:

ՄԱՔԳՐԵԳՈՐՆ ԸՆԴԴԵՄ ԿՈՎԲՈՅԻ 

Image result for Conor mcgregor

Նախորդ տարվա ավարտին պաշտոնապես հաստատվեց, որ Մաքգրեգորը օկտագոն կվերադառնա հունվարին, իսկ նրա մրցակիցը կլինի «կովբոյ» մականվամբ ամերիկացի Դոնալդ Սերոնեն: 

Սերոնեի դեմ Մաքգրեգորին ամենևին էլ հեշտ մենամարտ չի սպասվում, սակայն նույնիսկ օկտագոնում Քոնորը մտածելու է ոչ թե Սերոնեի դեմ հաղթանակ տանելու, այլ Նուրմագոմեդովի հետ ռևանշի մասին: Այս միտքն, անկասկած, կստիպի Մաքգրեգորին մենամարտել ամբողջ ուժերով և հաղթանակ տանել ժամանակից շուտ՝ նոկաուտով: 

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ՄԵԾ ՌԵՎԱՆՇԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

«Կովբոյը հրաշալի մարզիկ է, և ես շատ եմ հարգում նրան, սակայն այս մենամարտում ես հաղթելու եմ նոկաուտով»,- հունվարի 15-ին Լաս Վեգասում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել էր Մաքգրեգորը՝ ակնարկելով, որ սա ոչ թե մենամարտ է Սերոնեի հետ, այլ առաջին քայլը դեպի Նուրմագոմեդովի հետ ռևանշ:

Մաքգրեգորի համարձակ հայտարարությանը 36-ամյա Սերոնեն պատասխանել էր մականվանը հատուկ հանգստությամբ: 

«Հուսով եմ՝ Մաքգրեգորը պատրաստ է: Ես անհամբերությամբ սպասում եմ այս մենամարտին և բացի հաղթանակից, այլ արդյունքի մասին չեմ մտածում: Եթե հաղթեմ, ապա ընտանիքիս հետ երկար ժամանակով արձակուրդի մեջ կլինեմ: Այս մենամարտն ամենաեկամտաբերը կլինի իմ կարիերայում»,- ասել էր կովբոյը:

ԱՅՆՈւԱՄԵՆԱՅՆԻՎ, ՌԵՎԱՆՇ

Մաքգրեգորի օկտագոն վերադարձից ժամեր առաջ UFC-ի նախագահ Դան Ուայթը, որի ձեռքերում է իռլանդացի մարզիկի և Խաբիբ Նուրմագոմեդովի ռևանշ մենամարտի անցկացման հնարավորությունը, հայտարարեց, որ Դոնալդ Սերոնեի հետ մենամարտը միակ հնարավորությունն է Քոնորի համար, եթե նա ցանկանում է կրկին մրցել Խաբիբի հետ:

«Գաղտնիք չէ, որ Մաքգրեգորը ցանկանում է մենամարտել Նուրմագոմեդովի հետ: Նա կստանա այդ հնարավորությունը, եթե հաղթի Սերոնեին»,- ասել էր Ուայթը, որի հայտարարությունն, անկասկած, էլ ավելի է ոգևորել առանց այդ էլ «վրեժը լուծելու» նպատակով ապրող Մաքգրեգորին:

ՊՈՊԿՈՐՆ ՆՈւՐՄԱԳՈՄԵԴՈՎԻ ՀԱՄԱՐ

Քոնոր Մաքգրեգորի և Դոնալդ Սերոնեի մենամարտին հետևելու է մարզական աշխարհով հետաքրքրված մարդկանց մեծամասնությունը, սակայն այդ միլիոնավոր կամ նույնիսկ միլիարդավոր մարզասերների մեջ կա մեկը, որն այս մենամարտին հետևելու է առավել ուշադիր և առավել լարված, իսկ այդ մեկը ոչ այլ ոք է, քան հենց ինքը՝ Խաբիբ Նուրմագոմեդովը, որն այս պահին հանդիսանում է Դոնալդ Սերոնեի ամենամեծ երկրպագուն:

Խաբիբը շատ լավ է հասկանում, որ եթե Մաքգրեգորը հաղթի կովբոյին, ապա նա այլևս չի կարող ծաղրել իռլանդացուն, իսկ եթե հաղթի Սերոնեն, ապա դա գործնականում կլինի հենց Խաբիբի հաղթանակը, իսկ տարիներ շարունակվող խաղը կհամարվի ավարտված ռուսաստանցի մարզիկի հաղթանակով:

ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԵՆԱՄԱՐՏԻՆ

Image result for Conor mcgregor

Լաս Վեգասում հունվարի 15-ին տեղի ունեցավ մենամարտին նախորդած մամուլի ասուլիսն ու հայացքների մենամարտը, իսկ արդեն հունվարի 17-ին՝ կշռման պաշտոնական արարողությունը: 

Մաքգրեգորը պատրաստ է իր առաջին քայլը կատարել դեպի մեծ ռևանշ, Սերոնեն պատրաստ է կանգնեցնել իռլանդացուն, Նուրմագոմեդովը պատրաստ է երկրպագել կովբոյին, մարզասերները պատրաստ են վայելել մենամարտը: Մենամարտին պատրաստ ենք նաև մենք և ամենայն մանրամասնությամբ կլուսաբանենք ինչպես մենամարտն, այնպես էլ դրան հաջորդող իրադարձությունները:

Քոնոր Մաքգրեգորի և Դոնալդ Սերոնեի մենամարտը տեղի կունենա հունվարի 19-ին Երևանի ժամանակով առավոտյան 07:00-ին: 

Վահե Աղաջանյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում