17:24  ,  16 հունվարի, 2020

Կամո Հովհաննիսյան. «Կայրաթում» ամեն ինչ հրաշալի է

Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է ղազախական ակումբ տեղափոխվելու որոշման, Տիգրան Բարսեղյանի «Աստանայի» հետ դիմակայության և Հենրիխ Մխիթարյանի կողքին Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին:

«Արթուր Եդիգարյանի հետ զրուցել էի «Կայրաթ» տեղափոխության մասին: Նա ասաց, որ այստեղ հրաշալի մարզաբազա կա: Երբ առաջին անգամ եղա այդտեղ, հասկացա՝ նա ինչ նկատի ուներ: Երկար ժամանակ չէի մարզվել և սկզբում ինձ համար շատ դժվար էր նման ծանրաբեռնվածությամբ մարզվելը, սակայն ամեն ինչ արդեն սովորական է դարձել:

Տիգրան Բարսեղյանը հանդես է գալիս «Կայրաթի» հիմնական մրցակիցներից մեկի՝ «Աստանայի» կազմում, սակայն խաղադաշտում ընկեր կամ բարեկամ հասկացողություն գոյություն ունենալ չի կարող: 

Մխիթարյանը շնորհավորել է ինձ «Կայրաթ» տեղափոխության կապակցությամբ: Մենք շատ մտերիմ ենք, և ես կիսվել եմ նրա հետ իմ ուրախությամբ: Պատմել եմ նրան, որ այստեղ աշխատում են բարձրակարգ մարզիչներ, բժիշկներ»,- ասել է Կամո Հովհաննիսյանը:

27-ամյա պաշտպանն առանձնացրել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր անցկացրած ամենատպավորիչ հանդիպումները:

«Իտալիայի դեմ հանդիպումը հետաքրքիր ստացվեց: Մենք պարտվեցինք 1:3 հաշվով, սակայն այդ խաղից հետո շատերը սկսեցին խոսել իմ մասին: Կառանձնացնեմ նաև հույների նկատմամբ 3:2 հաշվով տարած հաղթանակը: Իհարկե, ամենահիշարժանը Դանիայի դեմ տարած հաղթանակն է: Արտագնա խաղում դանիացիներին 4 անպատասխան գոլ խփելն, իրոք, մեծ նվաճում է»,- ասել է Հովհաննիսյանը:

Ղազախստանի փոխչեմպիոն «Կայրաթ» տեղափոխությունից առաջ Կամո Հովհաննիսյանը հանդես է եկել ղազախական «Ժետուսում», որի կազմում Հովհաննիսյանը մասնակցել է 58 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում