15:25  +04,  14 հունվարի, 2020

Հայաստանի եւ Բուլղարիայի թիմերի հավաքը Երեւանում․ Մեկնաբանում են Էդուարդ Սահակյանն ու Արմեն Նազարյանը (ֆոտոշարք)

Նիցայի մրցաշարը որոշիչ է լինելու Տոկիո-2020-ում 77 կգ քաշային կարգում ներկայացուցչի համար: Չալյանն ու Ջուլֆալակյանն ընդգրկվել են կազմ: Եթե Արսեն Ջուլֆալակյանը ցանկություն ունի պայքարել, պետք է մասնակցի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը:

Հունվարի 5-ից հունահռոմեականները Էդուար Սահակյանի գլխավորությամբ տարվա առաջին ուսումնամարզական հավաք են անցնում Բուլղարիայի հավաքականի հետ համատեղ: Բուլղարիայի թիմը գլխավորում է կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը:

NEWS.am Sport-ը հետեւեց երկու երկրների ազգային հավաքականների համատեղ հավաքի մարզումներից մեկին: Հայ ըմբիշները նախապատրաստվում են Ֆրանսիայի Նիցա քաղաքում անցկացվելիք միջազգային մրցաշարին:

Հայաստանի հավաքականը մրցաշարում ներկայացուցիչներ կունենա բոլոր քաշային կարգերում: Էդուարդ Սահակյանը ներկայացրեց կազմը. 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյանը, 72 կգ՝ Մալխաս Ամոյան, 77 կգ՝ Կարապետ Չալյան 82 կգ՝ Ռոբերտ Ղարիբյան, 87 կգ՝ Մաքսիմ Մանուկյան 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Շահինյան +97 կգ Դավիթ Օվասապյան:

«Այս մրցաշարը մեծ նշանակություն ունի օլիմպիական վարկանիշային մրցաշարերի ընտրական կազմերի համար: Եվրոպայի առաջնությունից հետո վերջնական պարզ կլինի, թե վարկանիշային մրցաշարերում ովքեր կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար: Այս մրցաշարը որոշիչ է լինելու նաեւ 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի միջեւ ընտրության համար:

77 կգ քաշային կարգում Հայաստանն արդեն ունի օլիմպիական ուղեգիր: Աշխարհի առաջնությունից հետո հայտարարեցինք, որ այս քաշում մասնակցի ընտրությունը որոշվելու է միջազգային մրցաշարով: Մարզչական շտաբով որոշել ենք, որ որոշիչ մրցաշարը լինելու է Նիցայի մրցաշարը: Մասնակցության համար ասվել է նաեւ Արսեն Ջուլֆալակյանին: Կարապետ Չալյանը մասնակցելու է: Եթե Արսենը ցանկություն ունի, պետք է մասնակցի:

Երկու ուղեգիր ունենք: Եվս 2-3 ուղեգրի հույս ունենք: Չեմ կարող ասել՝ որ քաշային կարգերում կհաջողվի ուղեգրեր նվաճել: Աշխատանքներն ուղղված են դրան, պայքարելու ենք, որպեսզի ավելացնենք ուղեգրերը: Նիցայի մրցաշարից հետո կրկին հավաք կանցկացնենք եւ կպատրաստվենք Եվրոպայի առաջնությանը»,- ասաց Էդուարդ Սահակյանը:

Հավաքին մասնակցում են Հայաստանի հավաքականի բոլոր անդամները՝ Արթուր Ալեքսանյանի գլխավորությամբ: Արսեն Ջուլֆալակյանը հավաքին չի միացել: Հայաստանի թիմը հավաքը կավարտի հունվարի 15-ին, Արմեն Նազարյանի գլխավորած թիմը՝ հունվարի 17-ին:

Կրկնակի օլիմպիական չեմպիոնը մարզմանը հետեւում էր մրցագորգից դուրս, ոչ մարզական հագուստով:

«Այսօր ֆուտբոլի մարզիչի եմ նման. կոստյումով (ծիծաղում է): Սա մեր թիմի արդեն չորրորդ հավաքն է Հայաստանում: Շատ լավ են անցնում մարզումները: Հատուկ ենք ընտրում Հայաստանը հավաքի համար, արդյունքում շատ լավ հաջողություններ ենք գրանցում տարվա ընթացքում:

Հրաշալի է, որ հայ եւ բուլղարացի ըմբիշները միասին են մարզվում: Մեր կազմում Հայաստան են ժամանել աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ, մրցանակակիրներ: Թիմը պատրաստվում է հունվարի 23-ին մեկնարկելիք Բուլղարիայի առաջնությանը: Այնտեղից ընտրելու եմ Եվրոպայի առաջնության կազմը:

Բուլղարիայի հավաքականը դեռեւս չունի օլիմպիական ուղեգիր: Հույս ունեմ, որ իմ թիմին կհաջողվի մի քանի քաշերում ուղեգրեր նվաճել: Ուրախ եմ, որ կարողանում ենք համատեղ հավաք անցկացնել, քանի որ երկու երկրների թիմերի համար էլ կարեւոր է լավ սփարինգ-զույգեր ունենալը: Հայաստանի հավաքականը շատ ուժեղ է: Վստահ եմ, որ հայ ըմբիշները երկու ուղեգրով չեն սահմանափակվի, ուղեգրերի քանակը դեռ կավելացնեն: Բոլորն էլ մոտ են օլիմպիական մեդալներին»,- նշեց Արմեն Նազարյանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: