Ծանրամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է այս տարվա առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարին, որը տեղի է ունենալու փետրվարի 1-5-ը Իրանում:
Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականը ուսումնամարզական հավաք է անցնում Ծաղկաձորում, որը մեկնարկել է հունվարի 13-ին եւ կտեւի մինչեւ հունվարի 27-ը:
Իրանի վարկանիշային մրցաշարին կմասնակցեն Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փաշիկ Ալավերդյանը նշել էր, որ հավաքականում առայժմ միայն օլիմպիական վարկանիշ ունի Գոռ Մինասյանը:
«Սիմոն Մարտիրոսյանը դեռ օլիմպիական վարկանիշ չունի: Նա կմասնակցի Իրանի վարկանիշային մրցաշարին: Այս պահին վարկանիշ ունի միայն Գոռ Մինասյանը, բայց նա էլ դեռ պետք է մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Սիմոնի հետ վարկանիշային մրցաշարին կմասնակցեն նաեւ Ռուբեն Ալեքսանյանն ու Հակոբ Մկրտչյանը»,- ասել էր Փաշիկ Ալավերդյանը:
Իրանի մրցաշարից հետո հավաքականը կնախապատրաստվի ապրիլի 2-12-ը Մոսկվայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Նախքան այդ թիմը հավաքներ կանցնի Աբովյանում եւ Երեւանում:
Հիշեցնենք, որ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը տեղափոխվել է օլիմպիական քաշ՝ 96 կգ եւ պայքարելու է Տոկիո-2020-ի վարկանիշային միավորների համար: Աշխարհի չեմպիոնն արդեն փորձել է ուժերը 96 կգ քաշային կարգում դեկտեմբերին Քաթարում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում՝ պայքարն ավարտելով 7-րդ տեղում:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում