09:16  ,  7 հունվարի, 2020

Հայկական սպորտի ցանկալի փեսացուները (ֆոտո)

Աշխարհում ամենացանկալի փեսացուներից են նաեւ մարզիկները, մասնավորապես, օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները, ֆուտբոլիստները, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները, առաջատար թենիսիստները, ավտոարշավորդները:

Քանի որ հայկական սպորտում գերակշռում են տղամարդիկ, NEWS.am Sport-ը որոշել է առանձնացնել հայկական սպորտի ցանկալի փեսացուներին:

Արթուր Ալեքսանյան, ըմբիշ

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բոլոր աղջիկների երազանքի ասպետն է դարձել: Մասնավորապես, Օլիմպիական խաղերից հետո Արթուրը Հայաստանում դարձավ ամենասիրելի մարզիկներից մեկը: Արթուրն այսօր ամենաշատ հետեւորդներ ունեցող հայ մարզիկներից մեկն է Հայաստանում, իսկ նրա հետեւորդների մեծամասնությունը իգական սեռի ներկայացուցիչներն են: Միայն Instagram-ում Արթուր Ալեքսանյանն ունի 42,900 հետեւորդ:

Արթուր Ալեքսանյանին ամբողջ աշխարհն է ճանաչում եւ սիրում: Արթուրին շատերի հետ են վերագրել սիրավեպեր, ինչպես շոուբիզնեսի, այնպես էլ մոդելային աշխահի ներկայացուցիչների հետ: Օլիմպիական չեմպիոնը, սակայն, երբեք չի բացահայտում, թե ում հետ է ընկերություն անում։

Արթուր Ալեքսանյանը 28 տարեկան է: Նա գլխավորում է ցանկալի փեսացուների շարքը:

Սիմոն Մարտիրոսյան, ծանրորդ

Հայկական ծանրամարտի բրենդ դարձած Սիմոն Մարտիրոսյանին հայ աղջիկները սկսեցին սիրել Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո, որտեղ դեռ 19-ամյա ծանրորդը նվաճեց արծաթե մեդալ: Սիմոնը շատ արագ սկսեց գրավել շատ աղջիկների սրտերը ոչ միայն իրար հաջորդող հաղթանակներով ու հաջողություններով, այլ նաեւ հումորով եւ մարդկային որակներով:

Սիմոն Մարտիրոսյանն այսօր հայկական սպորտի վառ ներկայացուցիչներից մեկն է: Նա ունի աշխարհի բոլոր խոշորագույն մրցաշարերի ոսկե մեդալները։

Սիմոն Մարտիրոսյանը ուժը, կամային որակները, մշտապես հաղթողի կերպարն ու կեցվածքը գրավում է շատ աղջիկների: Պատահական չէ, որ երիտասարդ մարզիկը հայկական տարբեր համալսարանների մշտապես ցանկալի հյուրերից է, որտեղ նրան հանդիպելու, լսելու, զրուցելու սելֆիներ անելու համար աղջիկների բազմություն է հավաքվում: Սիմոն Մարտիրոսյանն այսօր Հայաստանի ամենացանկալի փեսացուներից մեկն է։

Մաքսիմ Մանուկյան, ըմբիշ

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը հայկական մարզաշխարհում եւ ըմբշամարտում հայտնի է որպես ամենադիտարժան գոտեմարտեր անցկացնող ըմբիշ: Մաքսիմ Մանուկյանի գոտեմարտերը ցանկացած խոշոր առաջնության եւ մրցաշարի ամենալարվածն ու հետաքրքիրն են, դիտարժանն ու հնարքներով լին: Պատահական չէ, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան կարեւորագույն մրցաշարերից հետո ամենադիտարժան գոմետարտերի շարքում ընդգրկում է նաեւ Մաքսիմ Մանուկյանի մրցելույթները:

 

Մաքսիմը 32 տարեկան է: Ծնվել է քաղաք Մարտունիում: Հայկական սպորտի աստղերից ամենահամեստն է: Չի սիրում խոսել իր հաղթանակների, մեծ նվաճումների մասին: Հարցարզույցներ տալ նույնպես շատ չի սիրում: Ընկերասեր է:

Գոռ Մինասյան, ծանրորդ

Հայկական ծանրամարտի դեմքերից մեկը նաեւ գերծանր քաշային Գոռ Մինասյանն է: Իր երիտասարդ տարիքի հետ Գոռը հասցրել է նվաճել բոլոր ամենակարեւոր մրցաշարերի մեդալները՝ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, կրկնակի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն: Գոռ Մինասյանին միայն դեռ չի հաջողվում հաղթել իր հիմնական մրցակից վրացի Լաշա Տալախաձեին: Բայց Տոկիո-2020-ում Գոռ Մինասյանի գերխնդիրը Տալախաձեին շրջանցելն է:

Գոռը նույնպես շատ համեստ է, անսահման բարի եւ միշտ ժպիտով: 25-ամյա Գոռի սիրտն ազատ է: Այս մասին NEWS.am Sport-ին ասել է ինքը՝ Գոռը: Ի դեպ, ծանրորդը որոշել է Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո մտածել ամուսնության մասին:

Կամո Հովհաննիսյան, ֆուտբոլիստ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը հայ ֆուտբոլասերների, մասնավորապես ֆուտբոլով հետաքրքրվող աղջիկների սիրելիներից է: Նա համարվում է հավաքականի ամենաարագավազ ֆուտբոլիստը: Ազգային հավաքականի յուրաքանչյուր հանդիպմանը Հովհաննիսյանն աչքի է ընկնում իր լավագույն խաղով, գեղեցիկ փոխանցումներով եւ «հրթիռային» արագությամբ:

Ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 5-ին, Երեւանում: Ֆուտբոլով սկսել է զբաղվել 2000 թվականից՝ «Շենգավիթ» մարզադպրոցում: Փոքր տարիքում երազել է դառնալ բիլիարդիստ: Անգամ ցանկացել է ընդունվել բիլիարդի ակումբ, սակայն փոքր տարիքի պատճառով նրան չեն ընդունել: Մինչ օրս սիրում է խաղալ բիլիարդ:

Կամոն նաեւ մեծ կինոման է: Տարվա ընթացքում կարող է դիտել մինչեւ 500 ֆիլմ: Ամենասիրած ֆիլմերից մեկը «Գլադիատորն» է:

Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2012 թվականին՝ Սերբիայի հետ հանդիպման ժամանակ: Հայաստանի կրկնակի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր, սուպերգավաթակիր:

27-ամյա ֆուտբոլիստը ազգային հավաքականի «չամուսնացածների» ճամբարից է: Ընկերուհի չունի: 

Արամ Հայրապետյան, ֆուտբոլիստ

Ֆուտոբլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի  դարպասապահ Արամ Հայրապետյանը թիմի ամենաէմոցիոնալ ֆուտբոլիստն է: Նրան անվանում են Հայաստանի հավաքականի «փրկիչ»: Բազմաթիվ խաղերում հենց Արամն է ազգային հավաքականին փրկել պարտություններից՝ իր տպավորիչ ցատկերով հետ մղելով մրցակցի հարվածները:

Արամ Հայրապետյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 22-ին Ադլերում: Մանկությունն անցկացրել է Սոչիում: Ֆուտբոլիստ դառնալու երազանք չի ունեցել: Խաղացել է սիրողական մակարդակում: Ֆուտբոլով լրջորեն սկսել է զբացվել 2008 թվականից: Ֆուտբոլային կարիերան սկսել է «Սոչի-04» ակումբից, խաղացել է «Բանանց»/«Ուրարտու» ակումբում: Հայաստանի հավաքականին միացել է 30 տարեկանում: Նորամուտը նշել է 2018-ին Հայաստան-Էստոնիա ընկերական խաղում (0։0): Ազգային թիմում նա անցկացրել է 20 հանդիպում:

Մրցաշրջան-2019-ում ՈւԵՖԱ-ի կայքի Fed Ex Performance Zone-ի վարկածով ճանաչվել է հավաքականի լավագույն ֆուտբոլիստ՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերում, իր օգտին ունենալով 747 միավոր: Եվրո-2020-ի շրջանակներում հավաքականի կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ կատարելով 45 սեյվ: 

33-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ցանկալի փեսացուներից մեկն է:  

Հարություն Մերդինյան. մարմնամարզիկ

Հարություն Մերդինյանը Հայաստանի սպորտային մարմնամարզության աստղերից մեկն է, երկար ժամանակ եղել է հավաքականի առաջատարը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր,  2015թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում զբաղեցրել է երրորդ տեղը:

37-ամյա մարմնամարզիկը փոքր տարիքից իրեն նվիրել է մեծ սպորտին եւ անձնական կյանքը դասավորելու ժամանակ մինչ օրս չի ունեցել: Մեկ անգամ NEWS.am Sport-ի հետ զրույցում անկեղծացել է, որ արդեն մտածում է իր ընտանիքը կազմելու, հայր դառնալու մասին: Ընկերները եւ շրջապատող մարդիկ Հարութին բնութագում են որպես բարի, համեստ, մի քիչ ամաչկոտ ու իրատես անձնավորություն: Հարութը երազել չի սիրում, քանի որ ռեալիստ է: Սպորտում հասել է լավագույն արդյունքների, Օլիմպիական խաղերում զբաղեցրել 5-րդ տեղը: Նպատակ ուներ պայքարել նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար, բայց իր մյուս թիմակիցների պես զրկվեց հետագա պայքարից որոշ հանգամանքներից պատճառով:

Կարապետ Չալյան. ըմբիշ

Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը մրցաշրջան-2019-ում հայկական մարզաշխարհում ամենաշատ քննարկված մարզիկն է: Անմիջականորեն նրա հետ կապվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի հեռանալը պաշտոնից: Այդ շրջանից ի վեր հայ մարզասերների ուշադրությունը Չալյանի հետագա մրցելույթներն էին ու հաջողությունները: Չալյանն ամենաէմոցիոնալ, լռակյաց, երբեք խնդիրների մասին չբարձրաձայնող եւ իր «ժամին» սպասող մարզիկ է:

26-ամյա Չալյանը մարզասեր հանրության կողմից սկսվեց սիրվել մասնավորապես Նուրսուլթանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո, որտեղ նա նվաճեց օլիմպիական ուղեգիր, բայց ցավալի պարտություն կրեց ոսկե մեդալի ճանապարհին, ապա նաեւ բրոնզե մեդալի համար պայքարում:

Վահագն Դավթյան, մարմնամարզիկ

Սպորտային մարմնամարզության օղակների վարժության Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը Վահագն Դավթյանն է, որը մրցաշրջան-2019-ը փայլուն արդյունքներով անցկացրեց: Վահագնը Եվրոպայի առաջնության Հայաստանի միակ մեդալակիրն է (բրոնզե մեդալ), Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը:

Վահագնը բացի մարզիկի փայլուն կարիերայից Հրանտ Շահինյանի եւ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում զբաղվում է մարզչությամբ: Երիտասարդ մարզիկին օրվա ցանկացած ժամին կարելի է տեսնել մարզադահլիճում՝ կամ մարզվելիս, կամ մարզելիս:

31-ամյա Վահագնի սիրտը ազատ է, բայց ինչպես ինքն է ասում, արդեն մտածում է իր ընտանիքը կառուցելու մասին: Վահագն Դավթյանը նպատակասլաց է, մեծ հումորի տեր եւ իր գործի նվիրյալ:

Վալոդյա Ֆրանգուլյան, ըմբիշ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 65 կգ քաշային, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ23 չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանը ազգային հավաքականում աչքի ընկնող ըմբիշներից է:

Մրցաշրջան-2019-ը շրջադարձային էր ըմբիշի համար: Ուսի վնասվածքից եւ վիրահատությունից հետո, դեռ լիարժեք չապաքինված, Վալոդյան տարեսկզբին Կիեւի միջազգային մրցաշարում «մի ձեռքով» արծաթե մեդալ նվաճեց, Եվրոպական խաղերում 5-րդ տեղ զբաղեցրեց: Բաց թողեց Եվրոպայի, աշխարհի առաջնությունները, ապա Հայաստանի առաջնությունում կամային հաղթանակ տանելուց հետո հաստատեց իր վերադարձը եւ իր քաշային կարգում ուժեղ մրցակից լինելը:

Վալոդյան հետաքրքիր զրուցակից է, նրա հարցազրույցները միշտ տարբերվող են: Գորգից դուրս առանձնանում է իր յուրահատուկ ոճով, սիրում է գեղեցիկ հագնվել: Նախընտրում է ծովային հանգիստը, սիրում է գիրք կարդալ: Երիտասարդ ըմբիշը երազում է մեծ ընտանիքի մասին: Ցանկանում է լինել 3 երեխաների հայր, բայց սիրտը դեռ ազատ է:

Արսեն Բեգլարյան, ֆուտբոլիստ

Դարպասապահ Արսեն Բեգլարյանը ծնվել է 1993 թվականի փետրվարի 18-ին, Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում: 6 տարեկանից սկսել է զբաղվել ֆուտբոլով: Կարիերան սկսել է Սարատովի «Սոկոլի» մարզադպրոցում: Ֆուտբոլային կարիերայի առաջին 4 տարիներին խաղացել է որպես հարձակվող: 10 տարեկանից հանդես է գալիս որպես դարպասապահ:

Ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվել է 2013 թվականին այն ժամանակ դեռ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կողմից: Նորամուտը նշել է Ռոման Բերեզովսկու հրաժեշտի՝  Հայաստան-Բելառուս խաղում 2016 թվականի մարտի 25-ին՝ հանդիպմանը 7-րդ րոպեին փոխարինելով Բերեզովսկուն (0:0):

26-ամյա Արսեն Բեգլարյանը մշտապես հրավիրվում է ազգային հավաքական:

Արսեն Բեգլարյանը նույնպես ազգային հավաքականի «չամուսնացածների» ճամբարից է: Ընկերուհի չունի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով